Հոկտեմբերին Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) վերադարձած ամերիկացի տիեզերագնացները որոշ խնդիրներ էին ունեցել իրենց առաքելության ընթացքում, և դրանցից մի քանիսը շարունակեցին խնդիրներ ունենալ նաև Երկրի վրա: Ե՛վ իրենք՝ տիեզերագնացները, և՛ ՆԱՍԱ-ն հրաժարվում են մանրամասներ հայտնել միջադեպի մասին, տեղեկացնում է Arstechnica.com-ը։
Տիեզերքում առաքելության ժամանակ ՆԱՍԱ-ն ստիպված է եղել ընդհատել տիեզերագնացների երկու տիեզերական զբոսանքները, երկու անգամն էլ առեղծվածային հանգամանքներում: Այնուհետև հոկտեմբերի 25-ին տիեզերագնացներից մեկը հոսպիտալացվել էր ինչ-որ «բժշկական խնդրի» պատճառով այն բանից հետո, երբ SpaceX Crew Dragon պարկուճը վայրէջք էր կատարել իր 235-օրյա առաքելության ավարտին։ Գիշերը հիվանդանոցում անցկացնելուց հետո տիեզերագնացը դուրս էր գրվել, վերադարձել է Հյուսթոնի իր բազա և վերսկսել հետթռիչքային բնականոն գործունեությունը։ Տիեզերական գործակալությունը չի նշել տիեզերագնացի անունը, ոչ էլ մանրամասներ է հայտնել նրա վիճակի մասին՝ վկայակոչելով բժշկական տեղեկությունների գաղտնիությունը:
«Մենք դեռ լիովին չենք հասկանում տիեզերական թռիչքները: Երբեմն բացահայտում ենք մի բան, որը չենք սպասում: Սա այդ դեպքերից մեկն էր, և մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում այս հարցի վերաբերյալ։ Հետևաբար, որպեսզի ապահովենք բժշկական գաղտնիությունը և որպեսզի մեր գործընթացները շարունակեն պատշաճ կերպով առաջ ընթանալ, սա այն ամենն է, ինչ մենք կասենք այս պահին»,- ասել էր բժիշկ և թռիչքային վիրաբույժ Մայքլ Բարաթը:
Սովորաբար, ՆԱՍԱ-ն տիեզերագնացների առողջության վերաբերյալ տվյալներ է տրամադրում արտաքին հետազոտողներին, որոնք պարբերաբար հրապարակում են փաստաթղթեր։ ՄՏԿ առաքելությունների ամենակարևոր նպատակներից մեկն է ուսումնասիրել մարդու մարմնի արձագանքը տիեզերական թռիչքներին: Մյուս կողմից՝ գործակալությունից պահանջվում է հետևել ԱՄՆ դաշնային կանոնակարգերին, ներառյալ 1996-ի Առողջության ապահովագրության տեղափոխելիության և հաշվետվողականության ակտը (HIPAA), որը սահմանափակում է մասնավոր առողջապահական տեղեկությունների բացահայտումը:

Crew-8 առաքելության հետ կապված միայն բժշկական խնդիրը չէ, որ պատված է առեղծվածով: Հունիսի 13-ին Դոմինիկը և ամերիկացի տիեզերագնաց Թրեյսի Դայսոնը պետք է կատարեին տիեզերական զբոսանք, սակայն ՆԱՍԱ-ն չեղյալ հայտարարեց գործողությունը «տիեզերական հագուստում անհարմարության խնդիրների պատճառով»: Դոմինիկին փոխարինեց Բարրատը, իսկ տիեզերական զբոսանքը հետաձգվեց հունիսի 24-ին՝ գործողության ընթացքում անհրաժեշտ էր հեռացնել անսարք էլեկտրոնային միավորը և հավաքել միկրոօրգանիզմների նմուշներ։ Սակայն դա ևս ստիպված եղան ընդհատել 31 րոպե անց, երբ Դայսոնը հայտնեց սկաֆանդրի սպասարկման և հովացման համակարգում ջրի արտահոսքի մասին: Բարրատը մամուլի ասուլիսում երկար խոսեց ջրի արտահոսքի մասին, սակայն Դոմինիկը հրաժարվեց պատասխանել անհարմարության խնդրին վերաբերող հարցին:
Ջրի արտահոսքի հետ կապված միջադեպը հեռարձակվել է NASA TV-ի ուղիղ եթերում. սառույցի փաթիլներն առատորեն առկա էին օդափոխիչում արդեն, երբ լյուկը բաց էր։ Դրանք դուրս էին գալիս ու նստում Դայսոնի սաղավարտի և ձեռնոցների վրա: Հենց որ արտահոսքը կայունացավ, տիեզերագնացները փակեցին լյուկը և սկսեցին վերականգնել ճնշումը: Որոշվեց, որ խնդիրը կապված է սարքավորումների թերությունների հետ, այլ ոչ թե տիեզերագնացների գործողությունների: Այդ ժամանակ ՆԱՍԱ-ն ավելի կարևոր խնդիրներ ուներ՝ գիտափորձեր, բեռնատար տիեզերանավի ժամանում և Boeing Starliner պարկուճի փորձարկում։ Տիեզերական զբոսանքի առաքելությունը հրատապ չէր։
Բարրատն ասել է, որ տիեզերական հանդերձանքները ՄՏԿ-ի վրա պատրաստ են տիեզերք զբոսանքի հաջորդ փորձին: Նա նաև խոստովանել է, որ դրանք հնացել են՝ դրանց օրիգինալ տարբերակը մշակվել է ավելի քան 40 տարի առաջ, իսկ նոր մոդելներ դեռ չկան։ Հունիսին Collins Aerospace-ը խզեց ՆԱՍԱ-ի հետ Միջազգային տիեզերակայանի և ապագա ուղեծրային կայանների սպասարկման համար նոր սկաֆանդրների մշակման իր պայմանագիրը: Բարրատը նաև չէր բացառել հին սկաֆանդրների հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը։






