ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան նոյեմբերի 11-ին հյուրընկալել է հարյուրավոր աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների՝ նշելու Գիտության համաշխարհային օրը, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Գիտության համաշխարհային оրվա նպատակն է բարձրացնել գիտության կարևորության մասին իրազեկվածությունը և ընդգծել գիտության դերը մարդկության կյանքը բարելավելու և գլոբալ խնդիրների լուծման գործում:

ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական կառույցները տաղավարներում աշակերտների հետ գիտական փորձեր են անցկացրել, ներկայացրել են գիտնականի աշխատանքը, որը բացահայտումների և սովորելու մշտական գործընթաց է: Նշել են, որ գիտնականների հայտնագործությունները և զարգացումները կարող են զգալիորեն փոխել մարդկանց կյանքը, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները նոր հորիզոններ են բացում։
Միջոցառման շրջանակում ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճներում անցկացվել են գիտահանրամատչելի սեմինարներ։ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը պատմել է վիրուսային հիվանդությունների, վիրուսների էվոլյուցիայի և պատվաստումների մասին։

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Աբրահամյանը պատմել է աստղաֆիզիկայի, աստղերի, գալակտիկաների և տիեզերագիտության մասին։ Ցուցադրվել է ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված ֆիլմը։
«ՀՀ ԳԱԱ-ն կարևորում է դպրոցականներին դեպի գիտություն բերելը, օգնել նրանց հասկանալ գիտության կարևորությունը, տեսնել ապագան գիտության միջոցով և զարգացնել նրանց հետաքրքրասիրությունն ու ինքնավստահությունը»,- ասվում է ԳԱԱ տարածած հաղորդագրությունում:









