Լեհաստանի Կրակով քաղաքում գործող Off Radio ինտերնետային ռադիոկայանը ուղիղ եթերում աշխատող հաղորդավարներին փոխարինել է արհեստական բանականությամբ։ Այս նորարարության արդյունքում մոտ մեկ տասնյակ մարդ կորցրել է աշխատանքը, գրում է լեհական Businessinsider կայքը։
Off Radio Kraków Ռադիոկայանի եթերը հոկտեմբերի 22-ից վարում են ԱԲ ստեղծած կերպարներ՝ 20-ամյա Էմին, 22-ամյա Կուբան և 23-ամյա Ալեքսը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու բնավորությունը: Էմին լրագրություն է ուսանում, Կուբան՝ աուդիո ճարտարագիտություն, իսկ Ալեքսը լիցենզավորված հոգեբան է: Այսուհետ նրանք են վարելու հաղորդումները, որոնք նախկինում ստեղծում էր մոտ մեկ տասնյակ աշխատակիցներից բաղկացած թիմը։
«OFF Radio Kraków ալիքի նոր տարբերակը հետազոտական և մեդիա փորձ է, որը փորձում է ախտորոշել և պատասխանել այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ արհեստական բանականության զարգացումը մշակույթի, լրատվամիջոցների, լրագրության և հասարակության վրա»,- ասվում է ռադիոկայանի կայքում:
Նորամուծությունը բուռն արձագանք է առաջացրել մեդիա դաշտում։ Հրապարակված բաց նամակում ասվում է, որ ռադիոկայանի նոր բանաձևի շնորհիվ սեպտեմբերի սկզբին շուրջ մեկ տասնյակ մարդ՝ արժեքավոր և փորձառու լրագրողներ, Կրակովի մշակույթի ստեղծողներ և երաժիշտներ, կորցրել են իրենց աշխատանքը։ Նրանցից ոմանք աշխատել են OFF Radio Kraków-ի խմբագրական թիմի ստեղծման, զարգացման վրա և շատ աշխատանքներ են համահեղինակել: Նամակն ստորագրել է ավելի քան 15,000 մարդ, որոնք չեն ցանկանում «փորձի առարկա» դառնալ։
Ռադիոկայանի գլխավոր խմբագիր Մարսին Պուլիտը պնդում է, որ ոչ ոք աշխատանքից չի հեռացվել ԱԲ գործիքների ներդրման պատճառով։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ հրավիրյալ աշխատակիցներ էին, որոնք շաբաթը մեկ անգամ ծրագրեր էին պատրաստում ռադիոկայանի համար։ Ըստ նրա՝ պայմանագրերի ժամկետը սպառվել է ոչ թե այն պատճառով, որ ԱԲ է ներդրվել, այլ այն պատճառով, որ այդ ձևաչափը, ըստ էության, համընկնում էր երկու այլ ծրագրերի հետ և ուներ գրեթե զրոյական լսարան։
Պուլիտն ընդգծել է, որ ԱԲ հաղորդավարները պարզապես գործիքներ են, որոնք օգտագործվում են իրական լրագրողների կողմից։ Նա ասել է, որ երաժշտական հեղինակային հաղորդումներից մի քանիսը հեռարձակվել են Radio Krakow Kultura-ով, իսկ մեկը՝ ռադիոկայանի գլխավոր ալիքով։ «Մենք դեռ ունենք երկու լրիվ դրույքով աշխատող՝ գլխավոր ալիքում և Radio Krakow Kultura-ում»,- բացատրել է Պուլիտը:
Խնդրին անդրադարձել է նաև փոխվարչապետ և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քշիշտոֆ Գավկովսկին, որը նշել է ԱԲ ոլորտը կարգավորելու հրատապ անհրաժեշտությունը։ «Չնայած ես ԱԲ զարգացման երկրպագու եմ՝ համարում եմ, որ մենք գնալով ավելի հաճախ ենք դուրս գալիս կոնկրետ սահմաններից: ԱԲ օգտագործումը պետք է լինի մարդկանց համար, ոչ թե նրանց դեմ»- ասել է նա:






