Սույն թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Լիլիթ Դաշտոյանը, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Լիլիթ Դաշտոյանը ծնվել է 1974-ին։ Սովորել է Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դասախոսում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում և Երևանի պետական համալսարանում։ 2007-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում որպես գիտական քարտուղար, իսկ 2024-ի մայիսի 1-ից՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Լիլիթ Դաշտոյանը 44 գիտական հոդվածի հեղինակ և համահեղինակ է։
Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ Լիլիթ Դաշտոյանը նշել է, որ ոլորտի արդի խնդիրներից են տեսական և փորձարարական հետազոտությունները, երիտասարդ գիտնականների ներգրավումը և գիտական կյանքի ակտիվացումը։ «Արդի են ռազմական արդյունաբերության կողմից առաջ քաշվող խնդիրները, արդի հաշվողական մեթոդներ, քանի որ անհրաժեշտ են նոր մեթոդների մշակում։ Նախատեսում ենք այդ խնդիրները տեղափոխել ՀՀ ԳԱԱ սուպերհամակարգչի հաշվմանը՝ դրա հետ մեկտեղ զարգացնելով ավանդական ուղղությունները»,- ասել է Լիլիթ Դաշտոյանը։
Նա նշել է, որ կարևոր ուղղություններից է հիմնարար գիտության արդյունքներն արտադրության հետ կապելը, մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, նոր ուղղությունների զարգացումը, նաև բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում տպագրության խթանումը։






