ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացն անցած ամսվա վերջին իր Mastcam-Z տեսախցիկով ֆիքսել է արևի խավարումը, երբ Մարսի երկու արբանյակներից մեկը՝ Ֆոբոսը, մասամբ ծածկել է Արեգակը: Սեպտեմբերի 30-ին արված մի շարք լուսանկարներում հստակ կարելի է տեսնել Մարսի փոքրիկ արբանյակի ուրվագծերը:

Ֆոբոսի չափերը մոտ 27 × 22 × 18 կմ են: Այն պտտվում է մոլորակից բացառիկ մոտ՝ ընդամենը 6000 կմ հեռավորության վրա։ Համեմատության համար նշենք, որ մեր մոլորակի արբանյակը՝ Լուսինը, գտնվում է Երկրից 384,000 կմ հեռավորության վրա։ Ֆոբոսը պտտվում է մեծ արագությամբ՝ կարողանում է օրական երեք պտույտ կատարել Մարսի շուրջը։

Թեև Ֆոբոսն աստերոիդի տեսք ունի՝ որոշ գիտնականներ այն չեն համարում աստերոիդ, որը գտնվում է Մարսի ձգողականության տակ մեկ հիմնական պատճառով՝ նրա ուղեծիրը մոլորակի շուրջ գրեթե կատարյալ է: Եթե ​​Ֆոբոսը իսկապես աստերոիդ լիներ, որը թռչելիս է եղել Մարսի կողքով և հայտնվել դրա ձգողականության դաշտում, ապա, հավանաբար, այն այդպիսի իդեալական ուղեծիր չէր ունենա:

Fobos -2.jpg (126 KB)

Ֆոբոսի և Դեյմոսի՝ Մարսի երկրորդ արբանյակի ծագման մասին ժամանակակից տեսությունները կառուցված են այն ենթադրությունների վրա, որ դրանք ձևավորվել են հենց մոլորակի ձևավորման ժամանակ մնացած նյութերից: Այլ գիտնականներ չեն բացառում, որ մարսյան արբանյակները գոյացել են մեկ այլ տիեզերական օբյեկտի հետ մոլորակի բախման արդյունքում։

Ինչ վերաբերում է Perseverance-ի արած թարմ լուսանկարներին, ապա սա առաջին անգամը չէ, որ ռովերը կարողացել է արևի խավարում ֆիքսել։ Մարսագնացն առաջին անգամ Մարսի մակերևույթից արևի խավարումը ֆիքսել է 2022-ի ապրիլին, և դա արել է կրկին 2024-ի փետրվարին: Հետաքրքիր է, որ Perseverance-ը նույնիսկ առաջին ռովերը չէր, որը կարողացել է Արեգակի խավարման լուսանկարներ անել: Երկվորյակ Spirit և Opportunity ռովերները հետևել են Ֆոբոսի անցմանն Արեգակի ֆոնին դեռ 2004-ին, իսկ Curiosity մարսագնացը նույնիսկ տեսագրել է խավարումը 2019-ին։

Fobos -3.jpg (128 KB)