Արեգակի վրա X դասի նոր հզոր բռնկում է գրանցվել, ինչի արդյունքում արեգակնային պլազմայի արտանետում է տեղի ունեցել Երկրի ուղղությամբ, տեղեկացնում է Ռուսաստանի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը։
Բռնկման մասին առաջին հաղորդագրություններն ստացվել են հոկտեմբերի 9-ի գիշերը։ Ճառագայթումը սկսել է աճել Մոսկվայի ժամանակով ժամը 4։25-ին (Երևանի ժամանակով 05։25)՝ առավելագույնին հասնելով 4։58-ին։
«Բացարձակ միավորը շատ բարձր չի եղել (X1.8), բայց կան մի շարք կարևոր պահեր։ Առաջին հերթին կրկին գրանցվել է պլազմայի մեծ արտանետում, և այս անգամ դրա կոնֆիգուրացիան, անկախ նրանից, թե ինչ են ցույց տալիս մոդելները, ըստ էության, բացառում է Երկիրը «շրջանցելու» հնարավորությունը»,- պարզաբանել են ինստիտուտում՝ հավելելով, որ արտանետումը Երկիրը կհասնի հոկտեմբերի 11-12-ին։
Ինստիտուտը նաև նշել է, որ պլազմայի արտանետման հետ կապված այլ ուշագրավ պահ՝ բռնկման վայրը: Այն տեղի է ունեցել Արեգակի հյուսիսում գտնվող հսկայական կետում, որը հայտնվել է սեպտեմբերի վերջին, ինչը գիտնականներին հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկայում ևս կլինեն այսպիսի հզոր բռնկումներ։
Ըստ նրանց՝ ոչինչ չէր վկայում այն մասին, որ նման արտանետում կարող է լինել։ «Հետևանքները, ինչպիսին էլ որ լինեն դրանք, այս անգամ, հավանաբար, խուսափելի չեն լինի»,- եզրակացրել են փորձագետները։
Արեգակի վրա բռնկման հետևանքով արտանետված պլազման առաջացնում է մագնիսական փոթորիկ, որը երբեմն հասնում է Երկիր՝ մեր մոլորակի վրա առաջացնելով բռևափայլեր, տեղի են ունենում ռադիոկապի խափանումներ։






