Ամբիցիոզ երկրների համար, որպիսին պարտավոր է լինել Հայաստանը, որպեսզի կարողանա գոյատևել այս տարածաշրջանում, շատ կարևոր է բարձրարժեք արտադրողականության աճի ուղղությունների խթանումը, Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ըստ նրա՝ եթե խոսում ենք տնտեսության կառուցվածքում տեխնոլոգիաների դերի մասին, ապա երեք կարևոր բան կարելի է առանձնացնել։ Առաջինը՝ արտադրական շղթայի, արտադրական գործընթացների առավելագույն երկարացումը հենց երկրի ներսում։ «Եթե պատկերավոր օրինակ բերեմ, ապա ես առաջարկում եմ չվաճառել, չարտահանել պղնձի խտանյութ, այլ արտահանել, օրինակ՝ կաբելներ»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ տնտեսության ռազմավարության իմաստով, հենց երկրի ներսում վերջնական պրոդուկտ ստանալու իմաստով դա չափազանց կարևոր է, քանի որ այն 2-3 անգամ մեծացնելու է դրա արժեքը մեր երկրի տնտեսության համար։ «Դե պատկերացրեք դրա տնտեսական էֆեկտները»,- ասաց նա։
Երկրորդը, ըստ նրա, արտահանելի հատվածի արտահանման ենթակա պրոդուկտների խրախուսումն է, և այստեղ շատ կարևոր են Էկոնոմիկայի նախարարության այն ծրագրերը, որոնք հատկապես արտահանման ճյուղերին են միտված, քանզի դա կրկին բերում է բարձրարժեք արտադրողականության աճին։
«Երրորդն արդեն նորարարություններն են, որտեղ տեխնոլոգիական լուծումները գալիս են ապահովելու ամբողջ տնտեսության համար աճը»,- նշեց նախարարը՝ նշելով, որ մեր օրերում տեխնոլոգիական լուծումները բոլոր ոլորտներում արդեն անխուսափելի են, եթե Հայաստանն իսկապես մտադիր է աշխարհին իր ասելիքն ասել։
«Թե՛ արհեստական բանականության այս վերջին ձեռքբերումները, մեքենայական ուսուցման տարատեսակ գործիքներ, ինքնակառավարվող սարքավորումները, օրինակ՝ ագրոթեք ուղղությունում նշանակալի դեր են ունենում օրեցօր։ Յուրաքանչյուր նոր օր նորարար լուծումներ են գալիս աջակցելու»,- ասաց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ նախարարության քաղաքականության ամբողջ նպատակն է աջակցել ՀՀ տնտեսության բոլոր ուղղություններով հաջողություններին։
Ըստ նրա՝ այստեղ չպետք է մոռանալ հայկական Սփյուռքի մասին։ Նա նշեց, որ իր աշխատանքային չատերի մոտ 60 տոկոս սփյուռքահայերի հետ է։ Նախարարի խոսքով՝ գրեթե բոլոր ոլորտներում լրջագույն ներկայացվածություն կա հենց Սփյուռքից։ Կոնկրետ ռազմարդյունաբերության ոլորտում խոշորագույն վենչուրային ֆոնդը ստեղծվել է սփյուռքահայերի կողմից, որոնք, ըստ նրա, կատարում են ամենակարևոր աշխատանքը՝ Հայաստանի համար ամենաառաջնային համարվող ռազմաարդյունաբերական ոլորտի այն հատվածում, որտեղ առանձնահատուկ ընդգծված են տեխնոլոգիական լուծումները, նորարար միտքը։






