Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ստարտափը մշակել է փորձարարական տեսողական իմպլանտ՝ Blindsight-ը, որը հնարավորություն կտա տեսնել նույնիսկ նրանց, ովքեր ի ծնե կույր են։

«Neuralink-ի Blindsight սարքը տեսնելու հնարավորություն կտա նույնիսկ նրանց, ովքեր կորցրել են երկու աչքերն ու տեսողական նյարդը: Եթե ուղեղի՝ տեսողության համար պատասխանատու մասը վնասված չէ, ապա այն տեսնելու հնարավորություն կտա նույնիսկ նրանց, ովքեր ի ծնե կույր են եղել»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում։

Neuralink-ի թիմն իր հերթին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Blindsight իմպլանտը հավանություն է ստացել ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության կողմից (FDA): Սա ճանապարհ է բացում սարքը մարդկանց վրա փորձարկելու համար: Ընկերությունն արդեն դիմումներ է ընդունում պոտենցիալ բուժառուներից։

Մասկը հավելել է, որ իմպլանտի պատկերի որակը սկզբում ցածր կլինի, ինչպես Atari խաղային հարթակների գրաֆիկան, սակայն ապագայում սարքը թույլ կտա տեսնել ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրում, ինչպես նաև կկարողանա ֆիքսել ռադարի ալիքի երկարությունը։

Neuralink-ն արդեն երկրորդ անդամալույծ մարդու գլխուղեղում հաջողությամբ տեղադրել է ընկերության արտադրած իմպլանտը, որը նրանց օգնում է մտքի ուժով կառավարել համակարգիչը։