Մոտ 466 միլիոն տարի առաջ Երկիրը կարող էր շրջապատված լինել Սատուրնի օղակների նման օղակներով։ Գիտնականները նախկինում էլ են նման վարկած առաջ քաշել, սակայն այժմ Ավստրալիայի Մոնաշի համալսարանի գիտնականները ներկայացրել են դրա ապացույցը: Ինչպես նշվում է Earth and Planetary Science Letters (EPSL) ամսագրում, այս վարկածի օգտին են հանդես գալիս մեր մոլորակի մակերեսին հայտնաբերված խառնարանները, որոնք բնորոշ են երկնաքարերին:

Գիտնականները հայտնաբերել են 21 խառնարան, որոնք գտնվում են հասարակածից 30 աստիճանի վրա: Հետազոտողները դրանք կապում են Օրդովիկյան հարվածի հետ՝ իրադարձություն, որի ժամանակ մեծ աստերոիդը մակընթացային ուժերով փլուզվել է Երկրի մոտ՝ ստեղծելով բեկորների ամպ, որն էլ ձևավորել է ժամանակավոր օղակներ:

Հետազոտողների կարծիքով՝ հավանականությունը, որ երկնաքարերը պատահական են ընկել նման սահմանափակ տարածաշրջանում, չափազանց փոքր է և համեմատելի է իրավիճակի հետ, եթե հիպոթետիկ եռակողմ մետաղադրամը (եթե այդպիսի բան գոյություն ունենար) նետեինք և 21 անգամ անընդմեջ այն ընկներ դիմերեսով։ Ուստի խառնարանների տեղայնացումը գիտնականները բացատրում են հենց նրանով, որ աստերոիդը փլուզվել է Երկրից ոչ հեռու և նրա շուրջ օղակներ են գոյացել։

Միլիոնավոր տարիների ընթացքում այս օղակներից նյութն ընկել է Երկրի վրա՝ ստեղծելով խառնարաններ և թողնելով երկնաքարի բեկորներ, ինչը ֆիքսված է ժայռերի և նստվածքների շերտավորման մեջ: Գիտնականները նաև ենթադրում են, որ այս օղակը կարող էր արգելափակել արևի լույսը՝ նպաստելով գլոբալ սառեցմանը, որը տեղի ունեցավ Օրդովիկյան ժամանակաշրջանի վերջում՝ Երկրի պատմության մեջ ամենացուրտ փուլերից մեկը:

Այս հայտնագործությունը ստիպում է վերանայել նման երկնային երևույթների ազդեցությունը Երկրի վրա գոյություն ունեցած կյանքի էվոլյուցիայի վրա և հարցեր է առաջացնում օղակաձև այլ հնագույն համակարգերի գոյության մասին, որոնք կարող էին ազդել մեր մոլորակի կլիմայի և կենսոլորտի վրա: