Ճապոնական Nissan կորպորացիան ստեղծել է ներկի նախատիպ, որն օգնում է իջեցնել մեքենայի թափքի ջերմաստիճանը, տեղեկացնում է Jalopnik կայքը։

Ընկերության նյութերում նշվում է, որ ներկի նոր տեսակը կարող է զգալիորեն նվազեցնել ավտոմեքենայի թափքի տաքացման ջերմաստիճանը շոգ եղանակին։ Nissan-ը մտադիր է այն օգտագործել ավտոմեքենայի թափքի մասերի արտադրության մեջ։

Ըստ ճապոնական ընկերության մասնագետների՝ ներկը ստեղծելիս իրենք օգտագործել են սինթետիկ կոմպոզիտային նյութեր՝ այնպիսի կառուցվածքներով, որոնք ցուցադրում են բնության մեջ սովորաբար չհանդիպող հատկություններ: Ըստ կայքի՝ նոր նյութը, հավանաբար, ունակ է արդյունավետ կերպով անդրադարձնել ինֆրակարմիր ճառագայթները։

Փորձարկման ժամանակ պարզվել է, որ սովորական ներկով պատված ավտոմեքենայի թափքը տաքացել է մինչև 44 աստիճան, մինչդեռ նոր ներկով պատված ավտոմեքենայի դեպքում թափքի ջերմաստիճանը հասել է մինչև 33,2 աստիճան, այսինքն՝ 10.8 աստիճանով պակաս:

Nissan-ի ներկայացուցիչները չեն բացահայտել, թե նոր տեսակի ներկի կիրառումն ինչպես կազդի ավտոմեքենաների արժեքի վրա։ Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ այս ներկը մոտ վեց անգամ ավելի հաստ է սովորականից: Նոր մեթոդով Nissan-ը նախատեսում է հիմնականում ներկել բեռնատարներ և առևտրային նպատակներով օգտագործվող ավտոմեքենաներ: