Ամեն տարի Երևանում հազարավոր նոր ծառեր են տնկվում, բայց մայրաքաղաքը չգիտես ինչու չի դառնում ավելի կանաչ, էկոլոգիապես ավելի մաքուր և հարմարավետ։ Շենքերի սեյսմակայունության, տրանսպորտային համակարգի և ընդհանրապես քաղաքային պլանավորման վիճակը նույնպես բավական անմխիթար է մնում։
Բոլոր այս խնդիրները փորձագետները քննարկեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած «Քաղաքաշինության հիմնախնդիրները Երևանում» թեմայով ֆորումի ժամանակ:
Ինչո՞ւ Երևանը դեռ «կանաչ» չէ
Մեկ բնակչի հաշվով 50 մ² քաղաքային կանաչ տարածք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս չափանիշն է սահմանել քաղաքների կանաչապատ տարածքների համար: Քաղաքում բուսականության առատությունը նպաստում է օդի որակի բարելավմանը, ջերմաստիճանի և աղմուկի մակարդակի նվազեցմանը, պաշտպանում է քամիներից և, ընդհանուր առմամբ, ինչպես ցույց են տվել բազմաթիվ հետազոտությունները, դրական ազդեցություն ունի մարդու առողջության և նյարդային համակարգի վրա:
Երևանում կանաչապատման ցուցանիշները դեռ հեռու են իդեալական լինելուց։ Ինչպես NEWS.am Tech-ին հայտնեց Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի փորձագետ Դշխուհի Սահակյանը, 2018-ին մեկ շնչին բաժին է ընկել 7,13 մ² կանաչ տարածք։ Վերջին տվյալներով՝ այս ցուցանիշն աճել է, տարբեր հաշվարկներով՝ հասնելով 8,13-8,23-ի։ Միևնույն ժամանակ, քաղաքի կանաչ տարածքների թիվը միատեսակ չէ. կենտրոնում կանաչ գոտիներն այնքան քիչ են, որ այդ թիվը հազիվ հասնում է 3 մ²-ի։
Թեև վերջին 5-6 տարիների ընթացքում, իհարկե, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում որոշակի առաջընթաց է նկատվել, բայց դա ակնհայտորեն բավարար չէ դրված նպատակներին հասնելու համար, նույնիսկ այն դեպքում, որ դրանք բավականին համեստ են. ըստ «Կանաչ քաղաք» ծրարի՝ փաստաթուղթ, որը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում և Դշխուհի Սահակյանի ղեկավարած կազմակերպության համահեղինակությամբ, մինչև 2023-ը Երևանը մեկ շնչի հաշվով պետք է ունենա առնվազն 20 մ² կանաչ տարածք։ Սա ավելի քան կրկնակի պակաս է ԱՀԿ-ի առաջարկած ստանդարտից, բայց նաև ավելի քան կրկնակի ավել է, քան այն, ինչ հիմա ունենք:
Իհարկե, կան կանաչ տարածքների ավելի ցածր ցուցանիշներով քաղաքներ, այդ թվում՝ զարգացած երկրներում։ Փարիզում, օրինակ, այս ցուցանիշը կազմում է ընդամենը մոտ 4,6 մ², սակայն այնտեղ, ինչպես նշեց փորձագետը, կա Սեն գետը, որը լուծում է բնապահպանական բազմաթիվ խնդիրներ։ Երևանում ևս ջրամբարների խնդիր կա՝ բաց գետեր չկան, իսկ շատրվաններն ու արհեստական ջրամբարներն ավելի քիչ են, քան անհրաժեշտ է։
Ինչո՞ւ է Երևանի կանաչ տարածքների և էկոլոգիայի հետ կապված իրավիճակն այդքան հեռու իդեալականից։
Նախ՝ ըստ Սահակյանի, այստեղ մեծ դեր ունի անվերահսկելի, անսահմանափակ շինարարությունը, որը դեռ շարունակվում է նույնիսկ քաղաքի կենտրոնում։ Հայտնի փաստ է, որ ցանկացած շինարարություն փոշու լուրջ աղբյուր է, որը չափազանց բացասաբար է անդրադառնում օդի որակի վրա։
Երկրորդ՝ մենք պարբերաբար տեղեկություններ ենք լսում տնկված ծառերի մասին, սակայն հստակ տվյալներ չունենք, թե քաղաքում քանի ծառ է հատվում, այդ թվում՝ նույն շինարարության համար։
Երրորդ՝ Երևանում տնկիների կպչողականության միջին մակարդակը մինչև 72% է, մինչդեռ սովորաբար տնկված ծառերի ավելի քան 75%-ը պետք է կպնի: Եթե դա տեղի չունենում, ուրեմն կանաչապատման ծրագրի շրջանակում ինչ-որ բան ճիշտ չի արվում։ Փորձագետի խոսքով՝ կարող է խնդիր լինել հողի որակի, ջրելու կամ տնկիների որակի հետ կապված։ Կամ գուցե ընտրում են տնկիների ոչ ճիշտ սորտեր:
«Հիմա շատերը քննարկում են հարցը, թե արդյոք ճի՞շտ է Երևանում նոր տեսակի ծառեր տնկելը։ Իմ անձնական կարծիքով, այստեղ կարելի է և պետք է տնկվեն Երևանի համար հաստատված բույսերի ցանկից ծառեր և թփեր։ Այս նոր ծառերն այդ ցանկում չկան»,- նշեց մասնագետը։
Նրա խոսքով՝ լավագույն դեպքում Երևանը պետք է ունենա սաղարթախիտ ծառեր, որոնք լավ կկլանեն փոշին, կօգնեն մաքրել օդը և ստվեր ստեղծել: Թույլատրել են նաև փշատերև ծառերը, բայց առաջին տեղում, ամեն դեպքում, սաղարթախիտ ծառերն են: Այսպես թե այնպես, ցանկացած ծառ պետք է տնկվի այն վայրերում, որտեղ հնարավոր կլինի ջրել առաջիկա երեք տարիների ընթացքում, որպեսզի դրանք արմատներ գցեն ու չչորանան։
300,000 երևանցի կարող է զոհվել երկրաշարժից
Երևանում սեյսմակայունության հետ կապված իրավիճակը, ըստ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի, շատ ու շատ ողբալի է։ Նրա խոսքով՝ որոշ սցենարներով, եթե մայրաքաղաքի տարածքում երկրաշարժ լինի, ավելի քան 300,000 երևանցի կարող է զոհվել։
Փաստն այն է, որ Երևանում կան բազմաթիվ հին, խորհրդային շրջանի անորակ, սեյսմակայունության շատ ցածր մակարդակ ունեցող շենքեր։
«Այս խնդիրը պետք է լուծվի նոր, սեյսմակայուն շենքերի կառուցմամբ»,- նշեց մասնագետը։
Բնական աղետների հետևանքով առաջացած խնդիրները կանխելու համար, ըստ Ամիրխանյանի, շատ կարևոր է նաև քաղաքում ենթակառուցվածքների վրա աշխատելը։
«Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե երկրաշարժից քանդվեն Կիևյան և Դավթաշեն կամուրջները։ Քաղաքի որոշ հատվածներ հասնելու համար լուրջ խնդիրներ կլինեն: Կցանկանայի, որ գլխավոր հատակագծում հաշվի առնվեր նաև այս հարցը․ ինչպե՞ս է քաղաքը դիմակայելու բնական աղետներին»,- ասաց նա։
Ավտոմեքենաներ, տրանսպորտ, խցանումներ
Երևանում մեկ այլ լուրջ խնդիր կապված է քաղաքում տեղաշարժի հետ. տարեցտարի ավելանում են ավտոմեքենաները, և միանգամայն սպասելի է, որ խցանումների ու վթարների թիվը նույնպես աճում է։ Շրջակա միջավայրի վրա ևս ավտոմեքենաների այսպիսի քանակը դրական ազդեցություն չի ունենում։
«Կարծում եմ, որ Հայաստանում, ինչպես շատ երկրներում, անձնական ավտոմեքենաների հարցում վարվել է և շարունակվում է վարվել ոչ ճիշտ քաղաքականություն,- նշեց Ալեն Ամիրխանյանը,- Ես հասկանում եմ, որ մարդիկ ցանկանում են ունենալ իրենց սեփական ավտոմեքենաները, բայց դա սխալ որոշում է տրանսպորտային համակարգի կազմակերպման տեսանկյունից։ Հարկավոր է ուժեղացնել հասարակական տրանսպորտի համակարգը, այլընտրանքային տրանսպորտը (սկուտերներ, հեծանիվներ), հետիոտնային համակարգը՝ այս ամենը կօգնի պայքարել գերծանրաբեռնվածության դեմ, որն այսօր ունենք»։
Մասնագետի խոսքով՝ շատ ցանկալի է նաև մետրոյի գծերի ընդլայնումը, սակայն նոր կայարաններն ու գծերն այլևս պետք է լինեն ոչ թե ստորգետնյա, այլ վերգետնյա։ Այսպես, մետրոյի նոր գծերը, նրա կարծիքով, պետք է Հալաբյան փողոցով և 16-րդ զանգվածով հասնեն Աջափնյակ թաղամաս։ Իսկ մյուս կողմից՝ դեպի Դավթաշեն և Նոր Նորք։
Ամիրխանյանի խոսքով՝ եթե քաղաքում չզարգացվի մետրոն, տրանսպորտային համակարգը, հետիոտնային ճանապարհները, մարդիկ գնալով ավելի են ապավինելու անձնական մեքենաներին, իսկ դրա հետևանքով կարող են խորանալ առկա խնդիրները և ի հայտ գալ նորերը։
Քաղաքային պլանավորման բացակայություն
Երևանի բոլոր խնդիրները մանրամասն նկարագրելու համար բազմահատոր գիրք պետք է գրել, ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց միջոցառման բանախոսներից ճարտարապետ Սևադա Պետրոսյանը։ Նա կարծում է, որ քաղաքային միջավայրի կառավարման և զարգացման հիմնական խնդիրներից մեկը տեսլականի և պլանավորման բացակայությունն է։
Փորձագետի խոսքով՝ ցանկացած քաղաք անընդհատ զարգանում է, և նրանում շենքերի, ճանապարհների, այգիների նորանոր «շերտեր» են հայտնվում, ընդորում՝ այնպիսի գործոնների ազդեցության տակ, ինչպիսիք են պահանջարկը, շուկայական հարաբերությունները և այլն։
«Ներկայիս շինարարական բումը, օրինակ, պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ կառավարության ուղղակի խրախուսմամբ՝ եկամտահարկի վերադարձի ծրագրի տեսքով»,- նշեց մասնագետը։
Նրա խոսքով՝ քաղաքի նման զարգացումը բնական գործընթաց է, բայց եթե այն տեղի ունենա բացարձակ անվերահսկելիորեն, ապա դա կհանգեցնի մի շարք խնդիրների, և քաղաքի բնակիչների համար պայմաններն ավելի ու ավելի անհարմար կդառնան:
«Հավասարակշռություն պահպանելու և առողջ ու անվտանգ միջավայրի հասնելու համար անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ, թե ինչպիսին պետք է դառնա քաղաքը և ինչպես և ինչ գործիքներով ենք մենք դրան հասնելու։ Դա էլ հենց կոչվում է քաղաքային պլանավորում: Դրա բացակայության դեպքում կունենանք այն, ինչ հիմա ունենք։ Իսկ ժամանակի ընթացքում միայն կվատթարանա»,- նշեց մասնագետը։
Ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը։
Ըստ Պետրոսյանի՝ այս հարցում նախ և առաջ քաղաքական կամք է պահանջվում. իշխանությունները պետք է որոշեն, որ քաղաքի բնականոն զարգացման համար անհրաժեշտ է ճիշտ պլանավորում, ապա այդ գործը պետք է վստահել իրավասու մասնագետներին։ Ավելին, ողջ գործընթացը պետք է լինի բաց և թափանցիկ:
«Այն, ինչ այսօր կատարվում է Երևանում, այս ամենի հակապատկերն է։ Թվում է, թե ինչ-որ քաղաքական կամք կա, բայց դա ուղղված է հնարավորինս սեղմ ժամկետներում տնտեսական շահույթ ստանալուն, այլ ոչ թե առկա խնդիրներին»,- նկատեց մասնագետը։
Գաղափարներ և առաջարկներ Երևանի քաղաքապետարանի համար
«Քաղաքաշինության խնդիրները Երևանում» ֆորումի նպատակն է, ինչպես նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի տնօրեն Սոնա Այվազյանը, փաստագրել այն խնդիրները, որոնք այսօր առկա են Երևանում՝ այսօր գործող քաղաքաշինական պրակտիկայի արդյունքում, հասկանալ այս խնդիրների պատճառները և փորձել առաջարկներ և խորհուրդներ կազմել դրանց լուծման համար։
Երևանի քաղաքապետարանը ներկայումս մշակում է քաղաքի գլխավոր հատակագիծը, և թեև լուրերով ժամանակ առ ժամանակ տեղեկացնում են տարվող աշխատանքների մասին, բուն գործընթացը, ըստ Այվազյանի, բավականաչափ ներառական չէ, և անկախ փորձագետներ, հասարակական կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր ներգրավված չեն:
«Հուսով եմ, որ այս քննարկման միջոցով մենք կկարողանանք կարծիքներ հավաքել տարբեր շահագրգիռ կողմերից: Սա, իհարկե, չի փոխարինի այն աշխատանքին, որը քաղաքապետարանը պետք է կատարեր ներառականություն ապահովելու համար։ Բայց մենք, այսպես թե այնպես, մեր առաջարկները կներկայացնենք քաղաքապետարան՝ հույսով, որ դրանք հաշվի կառնվեն գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելիս»,- նշեց նա։
Նշենք, որ քննարկմանը հրավիրված էին նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, սակայն նրանք չէին եկել։






