Samsung-ը պինդ վիճակի էլեկտրոլիտային տիպի մարտկոցներ կարտադրի, որոնք սկզբում կօգտագործվեն պրեմիում դասի էլեկտրական ավտոմեքենաներում։ Նոր մարտկոցների զանգվածային արտադրությունը կսկսվի 2027-ին։ Դրանց շնորհիվ ավտոմեքենաները կկարողանան մեկ լիցքավորմամբ մինչև մինչև 1000 կմ տարածություն անցնել։
Այս տեխնոլոգիան խոստանում է վերացնել մարտկոցի բռնկվելու վտանգը, մեծացնել հեռավորությունը, որ մեքենան կարող է անցնել առանց վերալիցքավորման և նվազեցնել լիցքավորման համար անհրաժեշտ ժամանակը: Samsung-ը նշել է, որ մի քանի ավտոարտադրողներ արդեն փորձարկում են իր մարտկոցները, սակայն չի մանրամասնել, թե որ ընկերությունների մասին է խոսքը։
«Մենք մարտկոցների նմուշներ ենք մատակարարել հաճախորդներին անցյալ տարվա վերջից մինչև այս տարվա սկիզբը և նրանցից դրական արձագանքներ ենք ստացել»,- The Elec-ը մեջբերում է Samsung SDI-ի փոխնախագահ Կոհ Ջու Յանգի խոսքերը Սեուլում օրերս տեղի ունեցած SNE Battery Day 2024 համաժողովի ժամանակ:

Սկզբում այս մարտկոցները էժան չեն լինի և կօգտագործվեն միայն «սուպեր պրեմիում դասի էլեկտրական ավտոմեքենաներում»՝ ապահովելով, որ դրանք առանց վերալիցքավորման կարողանան անցնել 900-ից մինչև 1000 կմ հեռավորություն։
Կո Ջու Յոնգի խոսքով՝ մարտկոցների փոխարինումը պինդ վիճակի այս նոր մարտկոցներով կնվազեցնի դրա զբաղեցրած տարածությունը և քաշը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել բուն ավտոմեքենայի գնի նվազմանը: Ուստի, նշել է Ջո Յանգը, ավտոարտադրողները հետաքրքրված են դրանցով։
Samsung-ը նաև աշխատում է պրեմիում դասի այլ տեսակի մարտկոցների վրա, ինչպիսիք են լիթիում-նիկել-կոբալտ-ալյումին-օքսիդ (NCA) մարտկոցները, որոնցում կատոդը պատրաստված է լիթիումի օքսիդի համաձուլվածքներից, նիկելից, կոբալտից և ալյումինից: Այս տեսակի մարտկոցների առավելություններն են տեսակարար էներգիայի բարձր հզորությունը և երկար սպասարկման ժամկետը: Էլեկտրական ավտոմեքենաների սկզբնական մեկնարկային սեգմենտի համար Samsung-ը մշակում է ավելի պարզ «կիսապինդ վիճակի» մարտկոցներ: Ընկերությունն աշխատում է նաև LFP մարտկոցների վրա, որոնք ավելի քիչ նիկել են պարունակում, ինչի հաշվին էլ ավելի էժան են։

Շնորհանդեսի ժամանակ Samsung-ը նաև կրկնել է իր ծրագրերի մասին, ըստ որոնց՝ ընկերությունը պատրաստվում է մինչև 2029-ը սկսել մարտկոցների արտադրություն, որոնք կարող են լիցքավորվել 9 րոպեում և կծառայեն 20 տարի։
SNE Battery Day 2024 միջոցառմանը ներկա են եղել մարտկոցների արտադրության ոլորտում Samsung-ի մրցակից LG Energy-ի ներկայացուցիչներ: LG-ն խոշորագույն արտադրողներից է և Tesla-ի համար մարտկոցների մատակարարներից մեկը։ Ընկերությունը նախատեսում է սկսել պինդ վիճակի մարտկոցների արտադրությունը Samsung-ից ավելի ուշ՝ 2030-ին։ Այն ևս իր մարտկոցները սկզբում կարտադրի պրեմիում դասի էլեկտրական ավտոմեքենաների համար։






