Apple-ը թողարկել է iOS 18.1-ի բետա տարբերակը՝ նախատեսված ծրագրավորողների համար, որը ներառում է արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված սեփական Apple Intelligence համակարգը: ԱԲ գործառույթները հասանելի են միայն iPhone 15 Pro և Pro Max սմարթֆոնների սեփականատերերին, հայտնում է 9to5Mac կայքը։
Թարմացմանը հասանելիություն ունենալու համար հարկավոր է լինել բետա թեստավորման ծրագրի անդամ, իսկ նեյրոնային ցանցեր մուտք գործելու համար անհրաժեշտ է գրանցվել սպասման ցուցակում և դա պետք է անել սարքի կարգավորումներում: Դիմումի հաստատման համար միջինը մի քանի ժամ է պահանջվում:
Նոր գործառույթները ներառում են էլփոստով նամակների առաջնահերթություն, որտեղ առավել կարևոր նամակները կարող են պարունակել ամսաթվեր և գործողություններ անելու առաջարկներ։ Բացի դրանից՝ նամակների նախադիտման ժամանակ ցուցադրվում են ոչ թե նամակի առաջին տողերը, այլ ամբողջ նամակի համառոտ ամփոփումը։
Բարելավվել է լուսանկարների որոնումը. համակարգը կարող է մշակել հարցումները և ընտրել համապատասխան պատկերները: Հասանելի է նաև «խելացի» տեսաորոնման գործառույթ, երբ նեյրոցանցը գտնում է պահանջվող հատվածը և բացում այն։
Բացի դրանից՝ Apple Intelligence-ի նեյրոցանցերը կարող են վերապատմել տեքստերը, ստուգել դրանցում առկա սխալները և ըստ ցանկության տեքստերը վերաշարադրել տարբեր ոճերով:
Ձայնային օգնական Siri-ն դարձել է «ավելի խելացի». այժմ օգնականն ավելի լավ է հասկանում ձայնային հրահանգները, որոնցում օգտատերը շփոթվում է, և կարող է պատասխանել Apple սարքերի և ծառայությունների օգտագործման վերաբերյալ հարցերին: Siri-ն նաև սովորել է ճանաչել հարցումների միջև կապը, օրինակ՝ նախ կարող եք խնդրել հանդիպում ավելացնել ձեր օրացույցում, այնուհետև հիշեցնել՝ առանց մանրամասները նշելու:
Այս պահին Apple Intelligence-ը չի ներառում պատկերների գեներատոր և էմոջի, լուսանկարներից օտար օբյեկտները հեռացնելու գործիք և ChatGPT-ի հետ ինտեգրում։ Siri-ն նաև դեռ չի կարող գործողություններ կատարել երրորդ կողմի հավելվածներում։
Բացի iOS 18.1-ից՝ ծրագրավորողների համար հասանելի են դարձել iPadOS 18.1-ի և macOS Sequoia 15.1-ի բետա տարբերակները։ Դրանք պահանջում են M1 կամ ավելի նոր չիպ՝ Apple Intelligence-ին աջակցություն ապահովելու համար:






