Չինաստանի տիեզերական տարածության ազգային վարչությունը (CNSA) աստերոիդների ուղղությունը փոխելու առաքելություն է պատրաստում, որով կցուցադրի, թե ինչ հնարավորություններ ունի այն Երկիրը պոտենցիալ վնասաբեր աստերոիդներից պաշտպանելու հարցում։
Առաքելությունը կլինի կրկնակի՝ մեկ տիեզերանավ կբախվի աստերոիդին, որպեսզի շեղի դրա ուղղությունը, իսկ դրա ուղեկիցը կդիտարկի աստերոիդի վարքագիծը և տեղեկություններ կհավաքի, որպեսզի գիտնականներն ավելին իմանան Արեգակնային համակարգի և դրա ձևավորման մասին։
Ըստ նախնական տվյալների՝ առաքելությունը թիրախավորում է 2015 XF261 անունով օբյեկտը, որը գրեթե 30 մետր տրամագծով աստերոիդ է: Ըստ JPL NASA-ի տվյալների՝ այս աստերոիդը վերջին անգամ մոտեցել է Երկրին բոլորովին վերջերս՝ 2024-ի հուլիսի 9-ին այն անցել է մեր մոլորակից 50 միլիոն կմ հեռավորության վրա և շարժվում է 42,000 կմ/ժ արագությամբ։
Ինչպես նշել է Planetary Society ոչ առևտրային կազմակերպությունը, սա Չինաստանի կողմից Երկիր մոլորակի պաշտպանության առաջին փորձը կլինի։ Առաքելության մեկնարկը նախատեսված է 2030-ին։
Նշենք, որ Երկիրն աստերոիդներից պաշտպանելու առաքելություն ՆԱՍԱ-ն արդեն իրականացրել է 2022-ին, երբ Double Asteroid Redirection Test (DART) զոնդը բախվեց Դիմորֆ աստերոիդին: Ավելի ուշ պարզվեց, որ բախումն անսպասելի հետևանքների է հանգեցրել․ հարվածի հետևանքով Դիմորֆի ուղեծիրը կորցրել է կայունությունը, սկսել է փոքրանալ, արդյունքում աստերոիդն սկսել է մոտենալ Դիդիմին՝ ավելի մեծ աստերոիդին, որի շուրջն այն պտտվում է։
Գիտնականների հաշվարկներով հարվածը Դիմորֆի շարժման արագությունն ու հետագիծը պետք է փոխեր 73 վայրկյանով. մինչ այդ Դիդիմի շուրջն այն մեկ ամբողջական պտույտն անում էր 11 ժամ 55 րոպեում, սակայն երբ DART-ը 22,500 կմ/ժ արագությամբ բախվեց Դիմորֆին, մեկ պտույտի ժամանակահատվածը կրճատվեց 32 րոպեով:






