DART առաքելություն. ի՞նչ է հաջողվել իմանալ Դիմորֆ աստերոիդի մասին

30 հոկտեմբերի, 2022  11:15

Աստերոիդի հետ տիեզերանավի բախումը չի կարելի անվանել տիեզերական օբյեկտների ուսումնասիրության ստանդարտ մեթոդներից մեկը, սակայն կոնկրետ դեպքում այս բախումն անհրաժեշտություն էր. սեպտեմբերի 26-ին NASA-ի DART զոնդը բախվեց Դիմորֆ աստերոիդին՝ պարզելու, թե արդյոք թռչող սարքի ազդեցությամբ հնարավոր կլինի Երկիրը պաշտպանել պոտենցիալ վտանգավոր տիեզերական օբյեկտներից։

Այս առաքելությունը գիտնականներին տվել է ոչ միայն այս հարցի պատասխանը, այլեւ տեղեկություններ հենց աստերոիդի մասին։ Դեռևս շատ տեղեկություններ չկան՝ գիտնականները շարունակում են ուսումնասիրել տարբեր աղբյուրներից ստացված տվյալները։ Բայց փորձենք հասկանալ այն, ինչ այսօր արդեն հայտնի է։

Դիմորֆ աստերոիդ

Դիմորֆն ունի մոտ 160 մետր տրամագիծ և պտտվում է ավելի մեծ աստերոիդի շուրջ, որը կոչվում է Դիդիմ։ Դրա տրամագիծը մոտ 780 մետր է։

DART առաքելության գործարկումից առաջ 2021 թ․ նոյեմբերին գիտնականներն ուսումնասիրել են երկու աստերոիդների ձևերը՝ շնորհիվ մոլորակային ռադարի, որն արտացոլում է դրանցից ստացվող ռադիոալիքների ճառագայթը: Գիտնականները շատ այլ տեղեկություններ չունեին: Բայց DART-ում տեղադրված տեսախցիկը փոխեց ամեն ինչ։ Բախումից քիչ առաջ տեսախցիկը ցույց տվեց, որ աստերոիդն ունի ժայռոտ մակերես, որը ծածկված է քարերով և փոշով։ Այնուամենայնիվ, տեսախցիկը, իհարկե, չէր կարող ցույց տալ, թե ինչ կա աստերոիդի խորքում՝ արտաքին ժայռերի և փոշու հետևում։

DART-mission

Գիտնականներին ապշեցրել է նաև այն փաստը, որ Դիմորֆը, ինչպես պարզվել է, ձվաձև է. համենայնդեպս, այն այդպիսի տեսք ուներ այն անկյունից, որով ցույց էր տալիս զոնդի տեսախցիկը: Աստերոիդի ձևը շատ ավելի «ճիշտ» էր, քան ակնկալում էին գիտնականները։ Այժմ նրանք ցանկանում են իմանալ, թե ինչ նյութեր կան աստերոիդի վրա և արդյոք դրանք կարող են շարժվել՝ մակերեսը դարձնելով համեմատաբար կլոր և հարթ։

DART-mission

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, Դիմորֆի մասին ավելի շատ տեղեկություններ, ամենայն հավանականությամբ, կստացվեն Եվրոպական տիեզերական գործակալության Hera առաքելության շնորհիվ։ Այն կմեկնարկի 2024 թ․ SpaceX Falcon 9 հրթիռով և կհասնի Դիմորֆին երկու տարի անց: Առաքելության նպատակը կլինի հանգիստ և առանց ավելորդ շտապողականության ուսումնասիրել աստերոիդը և DART զոնդի հետ բախման հետևանքները։

Հսկայական Դիդիմ

Ավելի քիչ տեղեկություն է ստացվել Դիդիմի մասին, որի շուրջ պտտվում է Դիմորֆը, քանի որ աստերոիդն արագ անհետացել է DART տեսախցիկների տեսադաշտից։ Սակայն այս աստերոիդի մասին հետաքրքիր տեղեկություններ, ամեն դեպքում, կան։

Ինչպես պատմել է Ջոն Հոփկինսի համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի մոլորակագետ և DART առաքելության տեխնիկական հարցերով մասնագետ Քերոլայն Էռնստը, նույնիսկ մի թեթև հայացքը ցույց տվեց, որ Դիդիմը և Դիմորֆը երկու տարբեր օբյեկտներ են, չնայած իրենց մոտ գտնվելուն: Թեև Դիդիմի վրա կարելի է տեսնել մի քանի խոշոր քարեր, այն դեռ նման չէ ժայռերի հսկա կույտին, ինչպիսին Դիմորֆն է: Դիդիմի ռելիեֆի վրա տեսանելի են ավելի շատ տարբերություններ հարթ և անհարթ տարածքների միջև՝ համեմատած Դիմորֆի միատարր երևացող ժայռային մակերեսի հետ:

Այս բոլոր տարբերությունները կարող են օգնել բացատրելու կրկնակի աստերոիդների ի հայտ գալը (իսկ այդպիսիք են մեր մոլորակի շուրջը գտնվող բոլոր աստերոիդների մոտ 15%-ը): Տեսություններից մեկի համաձայն՝ կա մեկ հիմնական աստերոիդ, որն այնքան արագ է պտտվում, որ դրա մի մասը պոկվում է և դառնում նրա արբանյակը։ Համաձայն մեկ այլ տեսության, երբ աստերոիդը շատ մոտ է թռչում մեծ մոլորակին, վերջինիս ձգողականությունը կարող է նրանից անջատել դրա մի մասը, որն այնուհետև դառնում է աստերոիդի արբանյակը:

Պոչ, որն առաջացել է հարվածից հետո

DART զոնդի հետ բախումից հետո Դիդիմ-Դիմորֆ աստերոիդային համակարգի մոտ ձևավորեց փոշուց բաղկացած կրկնակի պոչ, որը հստակ երևում է Hubble աստղադիտակի արած լուսանկարում:

didimus-dimorphus

Hubble-ի դիտարկումները ցույց են տվել, որ, ինչպես գիտնականներն ակնկալում էին, փոշուց և բեկորներից կազմված ամպը ժամանակի ընթացքում ընդլայնվեց և կորցրեց պայծառությունը, սակայն, 2022 թ․ հոկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Դիդիմ-Դիմորֆ համակարգում ի հայտ եկավ պոչ, ինչը զարմացրեց գիտնականներին, քանի որ նման բան սովորաբար նկատվում է գիսաստղերի և ակտիվ աստերոիդների մոտ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ