Արհեստական բանականության ChatGPT մոդելն ստեղծած ընկերության՝ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը տարեկան ստանում է ընդամենը 65,000 դոլար (ամսական մոտ 5420 դոլար)։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Չնայած 86 միլիարդ դոլար արժողությամբ ընկերությունում իր համեմատաբար ցածր աշխատավարձին՝ 39-ամյա Ալթմանը այս տարվա սկզբին ունի առնվազն 2,8 միլիարդ դոլարի ակտիվներ՝ շնորհիվ իր լայնածավալ ներդրումային պորտֆելի, որը ներառում է Reddit-ի և Stripe-ի բաժնետոմսերը:

Ընդհանուր առմամբ, Ալթմանը ներդրումներ է արել ավելի քան 400 ընկերությունում։ Նա նաև օգտվել է JPMorgan Chase-ի վարկային գծի հնարավորությունից, որը թույլ է տալիս նրան հարյուր միլիոնավոր դոլարներ ներդնել մասնավոր ստարտափներում, այդ թվում՝ OpenAI-ի հետ համագործակցող ընկերություններում:

Մայիսին OpenAI-ը սկսեց համագործակցել Reddit-ի հետ, ինչի շնորհիվ ընկերության բաժնետոմսերի գինն աճեց ավելի քան 10%-ով: Ալթմանի անձնական մասնաբաժինը Reddit-ում աճել է 69 միլիոն դոլարով: Այնուամենայնիվ, Ալթմանն ինքը ներգրավված չի եղել այս գործարքում, այն հաստատել է տնօրենների անկախ խորհուրդը: OpenAI-ի տնօրենների խորհուրդը կարծում է, որ Ալթմանը մշտապես հետևում է ընկերության քաղաքականությանը և թափանցիկ է եղել իր ներդրումների հարցում:

Սեմ Ալթմանը արհեստական բանականության ոլորտում հայտնի ձեռներեց և փորձագետ է, OpenAI-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Սկզբում ընկերությունը ֆինանսավորում էին Ալթմանը, Գրեգ Բրոքմանը, Իլոն Մասկը, Ջեսիկա Լիվինգսթոնը, Փիթեր Թիլը և այլք։ 2015-ին գործարկվելուց հետո ընկերությանը հաջողվեց 1 միլիարդ դոլար ներգրավել արտաքին հովանավորներից։

2023-ի նոյեմբերին Ալթմանը հեռացվեց իր պաշտոնից՝ վստահության պակասի պատճառով, որից հետո նրան հրավիրեցին Microsoft։ Սակայն աշխատանքից ազատվելուց մեկ շաբաթ չանցած՝ Ալթմանը վերադարձավ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնին՝ OpenAI-ի վրդովված աշխատակիցների բողոքի շնորհիվ։