Սեմ Ալթմանը կվերադառնա OpenAI՝ որպես տնօրեն, ձևավորվել է նաև տնօրենների նոր խորհուրդ

22 նոյեմբերի, 2023  17:16

OpenAI ընկերությունը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել Սեմ Ալթմանին ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում վերականգնելու շուրջ, որին տնօրենների խորհուրդը հեռացրել էր աշխատանքից օրեր առաջ և արդեն հաստատվել էր, որ նա տեղափոխվում է Microsoft։ Բացի դրանից, ձևավորվել է տնօրենների նոր խորհուրդ։

Արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտն ստեղծած OpenAI ընկերությունը Սեմ Ալթմանին գործադիր տնօրենի պաշտոնում վերադարձնելու մասին տեղեկացրել է X սոցցանցի իր էջում։

«Մենք սկզբունքային համաձայնություն ենք ձեռք բերել, որ Սեմ Ալթմանը կվերադառնա OpenAI՝ որպես գործադիր տնօրեն»,- ասվում է գրառման մեջ:

Սեմ Ալթմանն իր հերթին գրառում է արել X-ում՝ նշելով, որ անհամբեր սպասում է OpenAI վերադառնալուն: «Նոր տնօրենների խորհրդի և Սաթիայի աջակցության շնորհիվ [Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելա], ես անհամբեր սպասում եմ վերադառնալ OpenAI և զարգացնել մեր ամուր գործընկերությունը [Microsoft]-ի հետ»,- գրել է նա:

Ընկերություն վերադառնալու մասին հայտարարել է նաև ընկերության նախագահ Գրեգ Բրոքմանը, որը նույնպես Ալթմանի պաշտոնանկությունից հետո հեռացել էր։

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

Ալթմանը OpenAI-ի գործադիր տնօրենի պաշտոնից հեռացվել է նոյեմբերի 17-ին այն բանից հետո, երբ խորհուրդը եզրակացրեց, թե նա «հետևողական կերպով անկեղծ չի եղել խորհրդի հետ շփումներում, ինչը սահմանափակել է իր պարտականությունները կատարելու նրա կարողությունը»:

Ինչպես տեղեկացրել էր Bloomberg-ը, Ալթմանը կոնֆլիկտ էր ունեցել խորհրդի անդամների, հատկապես ընկերության համահիմնադիր և գլխավոր գիտական ​Իլյա Սուցկվերի հետ: Տարաձայնությունները վերաբերում էին, նոր տեսակի և ավել ուժեղ գեներատիվ արհեստական ​​բանականության զարգացմանը։

Ավելի ուշ Microsoft-ը, որը OpenAI-ի խոշորագույն ներդրողն է, հայտարարել էր, որ Ալթմանը և Բրոքմանը կղեկավարեն կորպորացիայի արհեստական ​​բանականության հետազոտական ​​թիմը։ Միաժամանակ Նադելան հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել Ալթմանին։

Ալթմանի հեռանալուց հետո OpenAI-ի աշխատողների մեծ մասը սպառնում էր դուրս գալ աշխատանքից և պահանջում էր վերադարձնել նրան։ Ընկերության 770 աշխատակիցներից 700-ը նամակ էին ստորագրել, որում սպառնում էին աշխատանքից ազատված գործադիր տնօրենի հետ հեռանալ Microsoft։ Ալթմանի վերադարձը պահանջում էին նաև ներդրողները։

Հետաքրքիր է, որ Ալթմանի պաշտոնանկության ստույգ պատճառը դեռ հայտնի չէ: Խորհուրդն ի սկզբանե իր որոշումը բացատրել էր՝ ասելով, թե «գլխավոր տնօրենը հետևողական կերպով անկեղծ չի եղել տնօրենների խորհրդի հետ իր շփումներում, ինչը խանգարել է իր պարտականությունները կատարելու նրա ունակությանը»: Սակայն խորհրդի անդամները հետագայում հաստատեցին, որ Ալթմանի պաշտոնանկությունը կապված չէ «չարաշահման» կամ «անվտանգության» հետ: Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան իր հերթին հրապարակավ հայտարարել էր, որ իրեն որևէ բացատրություն չի տրվել:

OpenAI-ի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին Microsoft-ի բաժնետոմսերի գինն աճել էր 2%-ով և հասել ռեկորդային ցուցանիշի. երկուշաբթի NASDAQ բորսայում սակարկությունների ավարտին ընկերության բաժնետոմսերը վաճառվում էին մեկ բաժնետոմսի դիմաց 377,44 դոլարով, ինչը դրանց առավելագույն արժեքն է ընկերության ողջ պատմության ընթացքում:


 
 
 
 
  • Արխիվ