Կառավարության հաստատմանը ներկայացված գիտական կադրերի ատեստավորման կարգում նոր փոփոխություններ են կատարվել։ Այս մասին Երևանի պետական համալսարանում ընթացող Համահայկական գիտաժողովի ժամանակ ասաց ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը։

Մասնավորապես, ըստ նրա՝ գիտական պաշտոնների ցանկում երկու նոր պաշտոն է ավելացել.

  • պատվավոր առաջատար գիտաշխատող
  • պատվավոր գլխավոր գիտաշխատող

Ինչպես պարզաբանեց Արթուր Մովսիսյանը, այդ պաշտոնները կարող են զբաղեցնել միայն թոշակային տարիքի անձինք։

«Սա պատվավոր հանգստի ուղարկելու պաշտոններ են։ Մի քիչ նման է Արևմուտքում հայտնի պրոֆեսոր-էմերիտուս կարգավիճակին։ Այս մարդիկ ատեստավորման ենթակա չեն լինելու, բայց առաջին անգամ պաշտոնը զբաղեցնելիս պետք է բավարարեն որոշակի ցուցանիշների, այսինքն՝ ունենան որոշակի «բեքգրաունդ»»,- ասաց նա։

Մասնավորապես, ըստ Մովսիսյանի՝ պատվավոր առաջատար գիտաշխատողը վերջին հինգ տարիների ընթացքում պետք է տպագրված հոդվածների մասով առնվազն ավագ գիտաշխատողի ցուցանիշ ունենա, իսկ վերջին տասը տարիներին՝ առնվազն առաջատար ու ավագ գիտաշխատողի գումարային ցուցանիշ։

Պատվավոր գլխավոր գիտաշխատողը վերջին հինգ տարիների ընթացքում պետք է տպագրված հոդվածների մասով առնվազն առաջատար գիտաշխատողի ցուցանիշ ապահովի, իսկ տասը տարվա կտրվածքով՝ գումարային առաջատարի և գլխավորի։

Պատվավոր առաջատար գիտաշխատողը ստանալու է ավագ գիտաշխատողի աշխատավարձին հավասարեցված գումար, իսկ պատվավոր գլխավորը՝ առաջատարի։ Այդ գումարը նրանք ստանալու են ցմահ։