«Համահայկական գիտաժողով 2023»-ի նպատակն է համախմբել բոլոր գիտական խմբերին, որոնք աշխատում են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհներով։ Սա նաև Կոմիտեի համար կատարված աշխատանքների վերաբերյալ յուրօրինակ հաշվետվություն է։ Այս մասին NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում ասաց գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը։
Նա նշեց, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Երևանի պետական համալսարանում մեկնարկած գիտաժողովին մասնակցում են տարբեր մասնագիտությունների գիտնականներ։ Նրանք ներկայացնում են իրենց աշխատանքները Կոմիտեի տարբեր դրամաշնորհների ներքո, ինչպիսիք են՝ «Գիտական խմբերի մեկնարկին կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն», «Առաջատար հետազոտությունների աջակցություն»,«Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցություն», «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» և մի շարք այլ ծրագրերը։
«Գիտաժողովի զեկույցների հիման վրա հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում այսօր գիտության մեջ Հայաստանում, ինչ միտումներ կան, և ինչ կարելի է անել իրավիճակը բարելավելու և երիտասարդներին ներգրավելու համար։ Բացի դրանից, եթե տարբեր խմբերի գիտնականները հետաքրքրված են միմյանց աշխատանքով, ապա կարելի է կոլաբորացիաներ ստեղծել»,- ասաց Արամ Սահարյանը։

Ինչպես նշեց գիտնականը, սա երկրորդ նման գիտաժողովն է, առաջինը տեղի է ունեցել անցյալ տարի Վանաձորում, և այն հատուկ են արտագնա արել, որպեսզի գիտնականները ոչ միայն զեկուցումներ կարդան, այլ նաև շփվեն նիստերից դուրս՝ ոչ պաշտոնական միջավայրում: Այդ ոչ պաշտոնական քննարկումները, ըստ Սահարյանի, շատ օգտակար և արդյունավետ են եղել։
Այս տարի նույնպես նախատեսվում էր համաժողովն արտագնա անել, սակայն քանի որ ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տունը զբաղեցնում են Արցախից բռնի տեղահանվածները, այդ գաղափարից ստիպված եղան հրաժարվել։
Կազմկոմիտեի անդամ, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Արա Սեդրակյանը նշեց, որ գիտաժողովը համատեղ կազմակերպել են Երևանի պետական համալսարանը և Ալիխանյանի անվան լաբորատորիան՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։
«Այս գիտաժողովի նպատակն է Հայաստանում առկա ողջ գիտական համակարգը համատեղ աշխատացնել, որպեսզի նրանք ծանոթանան, հասկանան, թե մյուսն ինչով է զբաղվում, և փոխադարձ օգնություն ցուցաբերեն: Բոլորը պետք է իրար լավ ճանաչեն, քանի որ Հայաստանը շատ փոքր է»,- ասաց նա, և կատակով հավելեց, որ հայ գիտնականներից «ֆիզիկոսներն ավելի ինտենսիվ են աշխատում, մյուսները մի քիչ ավելի պասիվ են»։

Եվ իսկապես, գիտաժողովի մասնակիցների հիմնական մասը ֆիզիկոսներ են, ինչպես նաև բնական գիտությունների այլ ոլորտների ներկայացուցիչներ: Համաժողովին հումանիտար ոլորտը շատ քիչ է ներկայացված։ Բացատրելով այս երևույթը՝ Արա Սեդրակյանը նշեց, որ, իր կարծիքով, հումանիտար գիտությունները շատ կախված են քաղաքականությունից, իսկ ֆիզիկոսներն «ավելի ազատ» են։
Դեռևս խորհրդային ժամանակներից, նրա խոսքով, հումանիտար գիտությունները գաղափարական ուժեղ ճնշման տակ են եղել, այդ ճնշումից տուժել են նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կենսաբանությունը և կիբեռնետիկան, բայց ֆիզիկոսները կարողացել են խուսափել դրանից, քանի որ երկրին ատոմային ռումբ էր անհրաժեշտ: Եվ հետևաբար, այդ ժամանակից ի վեր ֆիզիկան ազատ զարգանում է, ինչը չի կարելի ասել հումանիտար գիտությունների մասին։ Եվ դրա հետևանքները, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո գիտության համար ծանր տարիների հետևանքները դեռևս զգացվում են հումանիտար ոլորտում։
Կազմկոմիտեի անդամ, ԵՊՀ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի վարիչ Մուշեղ Ռաֆայելյանը ներկայացրեց Համահայկական երկրորդ գիտաժողովի միջոցառումների պլանը. գիտաժողովը կտևի վեց օր՝ մինչև նոյեմբերի 22-ը, յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է չորս սեսիա, իսկ նոյեմբերի 19-ին կներկայացվեն նաև պաստառային զեկուցումներ։

Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցում է մոտ 200 մարդ։ Կանցկացվի նաև երիտասարդ մասնագետների համար միջգիտակարգային հատուկ մրցույթ, որի արդյունքներով մրցանակաբաշխությունը նախատեսված է դեկտեմբերի 1-ին։
«Մրցույթի հիմնական նպատակը տարբեր գիտական ոլորտների երիտասարդ մասնակիցների միջև նոր կապերի ձևավորումն է։ Խթանելու ենք, որպեսզի երիտասարդ գիտնականները ծանոթանան միմյանց հետ, իրենց ոլորտից մի քիչ ավելի դուրս մտածեն, ավելի միջգիտակարգային ուղղություններով։ Երիտասարդների խմբերին կցվելու է ավելի փորձառու խորհրդատու, որն իրենց օգնելու է գաղափարից անցնել նախագծի և տեխնիկապես կազմել այդ նախագիծը»,- ասաց նա։
Մրցույթի մրցանակային ֆոնդն առաջին տեղի համար կազմում է 1,000,000, երկրորդ տեղի համար՝ 800,000 և 500,000 դրամ՝ երրորդ տեղի համար։ Գիտաժողովին նախապատրաստվելիս տարբեր գիտական ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկվել է գիտաժողովին մասնակցելու համար գրանցել մեկական, մինչև 35 տարեկան մասնագետի։ Ընդհանուր առմամբ, գիտաժողովին մասնակցելու համար գրանցվել է մոտ 100 երիտասարդ գիտնական։
Մուշեղ Ռաֆայելյանի խոսքով, հետագայում երիտասարդ գիտնականները կկարողանան այդ ծրագրերով ֆինանսավորման համար դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե կամ տարբեր հիմնադրամներ։







