«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթ», տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մրցույթի նպատակն է նպաստել գիտնականների միջև կապերի և հաղորդակցման (networking) ընդլայնմանը, հաղորդակցման միջավայրի ստեղծմանը, միջգիտակարգային աշխատանքների քանակի մեծացմանը և գիտական համայնքի ամրապնդմանը։

Նախագծերը պետք է իրականացնել 12 ամսվա ընթացքում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023-ի նոյեմբերի 15-ը։ Ֆինանսավորման առավելագույն չափը 2 միլիոն ՀՀ դրամ է։

Մրցույթի շրջանակում նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել նախագծերին, որոնցով նախատեսվում է՝

  • կազմակերպել հանդիպումներ՝ նախատեսված գիտահետազոտական աշխատանք կատարող գիտնականների համար (առանց տարիքային սահմանափակման)
  • հանդիպումների օրակարգը պետք է առնչվի գիտությանը կամ ՀՀ-ում գիտության զարգացմանը
  • հանդիպումների ընթացքում անհրաժեշտ է ապահովել գիտնականների հաղորդակցմանը նպաստող միջավայր
  • հանդիպումները պետք է լինեն պարբերաբար՝ նախագծի իրականացման ժամանակահատվածում։

Մրցույթի հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հետազոտական հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչները կամ առանձին մասնագետներ, մասնագետներից բաղկացած խմբեր և կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կարող են նախաձեռնել հաղորդակցման հարթակի ստեղծումն ու կազմակերպումը։

Մրցույթի հայտատուն, իսկ խմբի դեպքում նաև անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ՀՀ-ում մշտապես բնակվողներ։

Մրցույթի մանրամասները՝ այստեղ։

Մրցույթի հայտը՝ այստեղ։