Կառավարության առաջարկած Ակադեմիական քաղաքի հայեցակարգը հստակ նպատակներ չի մատնանշում, մշակված բովանդակություն չունի, լուծումները տեղային են, հետազոտությունները՝ խիստ մակերեսային։ Փոխարենը խոսում են ճարտարապետական նախագծից և ֆիզիկական տարածքից, և դա մտահոգիչ է։ Այս մասին NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում ասաց Earlyone և Limetech ընկերությունների հիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը՝ մեկնաբանելով նախաձեռնության վերջին հայտարարությունը, որով կառավարությանը կոչ է արվում վերանայել գիտության վերաբերյալ մոտեցումները։

«Հիմնական խնդիրը կառավարչական գործիքների սխալ կիրառումն է։ Այսինքն, ո՛չ հստակ նպատակներ կան, իրենց չափորոշիչներով, ո՛չ հիմնավոր և երկարաժամկետ քայլերի հաջորդականություն կա, ո՛չ էլ դրա տակ դրվող ծրագիր և ռազմավարություն կա, որն ինքնին պետք է ունենա նաև իր ռեսուրսները, և ծառայի ավելի բարձր նպատակների»,- ասաց նա: 

Գևորգ Սաֆարյանը բացատրեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչպես է զարգանալու մեր երկիրը, և գիտության ինչ ոլորտներ են անհրաժեշտ երկրի տնտեսական, կրթական, անվտանգային խնդիրները լուծելու համար, ինչպես նաև, թե ինչ նոր ոլորտներ, գիտական նոր ուղղություններ պետք է ներդնել այս նպատակներին հասնելու համար: Պետությունը պետք է սահմանի երկրի նպատակներից և կարիքներից բխող գիտահետազոտական ու փորձնակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) առաջնահերթություններ և դրանց իրագործման համար պատասխանատուների նշանակի։ Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ միայն այս կերպ հնարավոր կլինի զարգացնել մրցունակ էկոհամակարգ։

«Բայց հիմա խնդիրն այն է, որ ո՛չ նպատակներն են հստակ ձևակերպված, ո՛չ էլ աշխատանք է արվում, որպեսզի գիտական ուղղությունները հստակեցվեն։ Սա ամբողջական շղթա է. չկան ձևակերպված նպատակները, բացակայում են դրանցից բխող առաջնահերթությունները, վերջնանպատակը սահմանված չէ։ Այլ կերպ ասած՝ վերևի շերտում պետությունն իր տնային աշխատանքը չի արել, հետևաբար  ներքևում ևս այդ աշխատանքը չի արվում, իսկ եղած գործընթացներն էլ խիստ անարդյունավետ են։ Հստակ է, որ աննպատակ գործընթացները սովորաբար բերում են վատ արդյունքի»,- ասաց նա։ 

«Գիտուժ» նախաձեռնության անդամի կարծիքով՝ նախ անհրաժեշտ է աշխատել գիտահետազոտական և նորարարական համակարգ ստեղծելու ուղղությամբ, դրանով ստեղծել գիտության, պետության և տնտեսության կապը։ Այս երեք օղակների միջև կապը շատ կարևոր է, որպեսզի պետությունը, երկրի զարգացման ռազմավարությունից ելնելով, ձևավորի և գիտությանը պետական պատվերներ տա։ Այս կապը չափազանց կարևոր է նաև գիտելիքահենք տնտեսություն զարգացնելու տեսանկյունից։ Սա կօգնի ձեռնարկատերերին հասկանալ, որ ավելի մեծ արժեք ստեղծելու համար նրանք պետք է համագործակցեն գիտնականների հետ և արտադրության մեջ ներմուծեն R&D գործընթացներ: Այս համակարգը դեռ չի ստեղծվել, դրա ստեղծումն ու կայացումը հսկայածավալ աշխատանք և կենտրոնացում է պահանջում, բայց պետությունն արդեն խոսում է Ակադեմիական քաղաքի կառուցման վայրի մասին, ինչը մտահոգություն է առաջացնում։

«Օրինակ, եթե մարդն իր տունը ճիշտ չկառուցի, հետևանքները կարող են տարբեր լինել: Եթե փոքր կառուցի, վաղը սենյակները չեն բավարարելու իր երեխաների համար։ Եթե մեծ կառուցի, վաղը խնդիր կունենա ջեռուցման հետ կապված, կամ՝ տան պահպանման, կամ՝ գույքահարկի։ Այսինքն՝ պետք է սկզբից պատկերացում լինի, թե ինչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, և միայն հաջորդ քայլով  դրան համապատասխան աշխատանք իրականացվի։ Անհրաժեշտ է սկզբից հասկանալ իմաստը, նպատակը, հասկանալ, թե ինչ ուղղություններ են լինելու, և միայն  դրանից հետո նախագծել։ Խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում։ Կա առկա համակարգ՝ իր բոլոր գործող մեխանիզմներով, բայց չկա հստակ պատկերացում, թե ինչպես է ընթանալու համակարգերի միջև այդ փոխանցումը։ Այս գործընթացը նույնպես առաջացնում է կասկածներ, ռիսկեր, որ այդ ամենը կարող են ոչ պատշաճ ձևով իրականացնել և վնասել նաև արդեն եղած համակարգը։ Ժողովրդական խոսքով ասած՝ ունքը սարքելու տեղը աչքն էլ կարող են հանել»,- ասաց Գևորգ Սաֆարյանը։

«Գիտուժ» նախաձեռնության հայտարարությունում հատուկ նշվում է, որ պետք է «դադարել գիտությունը դիտարկել կրթությանը սպասարկող բաղադրիչ՝ անտեսելով ճկուն և մրցունակ գիտահետազոտական ու նորարարական ազգային համակարգ ունենալու համար քայլերի հերթականությունը»։

Պարզաբանելով այս պահանջը՝ Գևորգ Սաֆարյանը նշեց, որ կառավարությունն իր այսօրվա ձևակերպումներում հիմնվում է կրթության մինչև 2030-ը զարգացման ընդունված ռազմավարության վրա։ Բայց քանի որ վերը թվարկվածը չի շեշտադրվում, ստացվում է, որ կառավարությունը տեղախախտված առաջնահերթություններ ունի։ Նա հավելեց, որ տարբեր երկրներ գիտության կազմակերպման տարբեր համակարգեր ունեն՝ կա՛մ զուտ բուհական մոդելներ, կա՛մ՝ զուտ ակադեմիական, կա՛մ՝ խառը մոդելներ։ Երեք մոդելներն էլ որոշ երկրներում հաջողությամբ են աշխատում, իսկ մյուսներում՝ ոչ այնքան։ Իսկ հաջողության պատճառը, ըստ նրա, ոչ թե ֆորմալ համակարգն է, այլ այն, թե ինչ նպատակներ են դրված վերևում, և ինչպես է այս համակարգը ծառայում այդ նպատակների իրականացմանը։

«Տնտեսության ու անվտանգության ոլորտներում հաջողած երկրները խնդիրները ձևակերպել և ներդրումներն արել են այնպես, որ գիտական աշխատանքները ծառայեն իրենց անվտանգությանը, իրենց տնտեսությանը և կրթության մակարդակի բարձրացմանը։ Այս ամենը մեզ մոտ բացակայում է։ Կա միայն «քաղաք» հասկացությունը։ Մենք կկառուցենք քաղաք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում։ Այդ տարբերակով չի՛ լինում։ Չի՛ կարելի նստել մեքենայի ղեկին, սկսել քշել, ու ասել, դե ճանապարհին կսովորենք։ Մեքենան կտանեն կկործանեն։

Ես այս պարզ օրինակը բերում եմ, որովհետև եթե մեքենայում նստած է մի ընտանիք, ապա այս պարագայում շատ ավելի մեծ մասշտաբների մասին ենք խոսում՝ վտանգված է ամբողջ գիտական համակարգը, երկրի ապագայի մասին է խոսքը: Եթե դու ինչ-որ գործընթաց ես սկսում, որը կարող է բերել կործանման, ապա դա սխալ  մոտեցում է։ Այդ պնդումը, որ մենք հետո կհասկանանք, թե ինչ ենք անում՝ ճիշտ չէ»,- ասաց նա։

Գևորգ Սաֆարյանը հիշեցրեց, որ մենք արդեն ունենք ձևավորված գիտական համակարգ, որը, ցավոք, երկար տարիներ գոյատևման կարգավիճակում է եղել։ Իսկ պետությունը խնդիրներ չի դրել գիտության առջև, որպեսզի այն ավելի արդյունավետ աշխատի և կոնկրետ խնդիրներ լուծի։ Եվ հիմա, ցանկացած չմտածված քայլ կարող է պարզապես ոչնչացնել այս համակարգը։ 

Իսկ ի՞նչ է առաջարկում «Գիտուժ» նախաձեռնությունն այս փուլում։ Գևորգ Սաֆարյանը կարծում է, որ ցանկացած փուլում, եթե չկա մշակված ծրագիր, նախ պետք է հստակեցնել, թե ինչու է այս ամենն արվում, իմաստավորել, հետո հասկանալ, թե դրա համար ինչ բյուջե է անհրաժեշտ, և միայն դրանից հետո սկսել իրականացումը։

«Կարող են ասել՝ մենք այսպիսի գաղափար ունենք, եկե՛ք քննարկենք, ինչ ենք դնում այդ գաղափարի տակ, ինչ ռեսուրսներ են դրա համար հարկավոր։ Ու մենք մեր հայտարարությունում նաև այդ ռեսուրսների մասին ենք խոսում, որովհետև այստեղ ևս չկա հստակություն։ Նախագիծը շատ մասշտաբային է, ու եթե ռեսուրսները չբավարարեն, կիսատ մնա, դա հերթական ռիսկերից է։ Կամ այդ նույն ռեսուրսները որքանո՞վ են արդյունավետ լինելու, եթե տարիներ շարունակ գիտությանը թերսնել են։ Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, այն դեպքում, որ այդ միլիարդավոր դոլարները գիտության 100 տարվա ֆինանսավորումն են, որ մինչ այս չեն ներդրվել»,- ասաց գործարարը։ 

Ըստ Գևորգ Սաֆարյանի՝ ակնհայտ է, որ Հայաստանի հզորացումն անհնար է առանց զարգացած գիտության։ Հենց այս պատկերացումն է միավորել գործարար և տեխնոլոգիական համայնքին «Գիտուժ» նախաձեռնության օրակարգի շուրջ, որը դեռ կորոնավիրուսային համավարակից առաջ քայլեր էր արել գիտության հանդեպ պետական քաղաքականությունը փոխելու համար։ 

«Եվ ցավոք սրտի, թե՛ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործընթացների կազմակերպումը Հայաստանում, թե՛ հետագայում պատերազմը, պատերազմում տեխնոլոգիապես թերզինվածության պատճառով ունեցած մեր կորուստները, պարտությունը ցույց տվեցին, թե որքան հրատապ և արդիական են նախաձեռնության պնդումները և պահանջները։ Այդ ամենից հետո շատ ավելի հստակ դարձավ, թե գիտության զարգացման մեջ ռեսուրսներ չներդնելը, ԳՀՓԿ աշխատանքները պետության մրցունակության գործիք չդիտարկելը որքան ծանր հետևանքներ կարող է ունենալ»,- ասաց Սաֆարյանը։