Google-ի ծրագրավորողները, որոնք պատասխանատու են Android օպերացիոն համակարգի մշակման համար, հաստատել են սխալի առկայությունը, որի պատճառով հեռախոսի խոսափողը միանում էր առանց օգտատիրոջ իմացության, երբ այն չէր օգտագործվում: Նախկինում այս սխալի պատճառով օգտատերերը կարծում էին, թե իրենց հետևում են WhatsApp մեսենջերի միջոցով։

«Android-ում վերջերս եղած սխալը, որն ազդել է WhatsApp-ի սահմանափակ թվով օգտատերերի վրա, հանգեցրել է սխալ ինդիկատորների և ծանուցումների Android-ի գաղտնիության վահանակի վրա: Օգտատերերն այժմ կարող են թարմացնել իրենց WhatsApp հավելվածը այս խնդիրը լուծելու համար»,- ասվում է Android ծրագրավորողների տարածած հայտարարությունում։

Առաջին անգամ այս սխալի մասին հայտնի դարձավ Twitter-ի օգտատիրոջ գրառումից, որում նա բողոքում էր, թե WhatsApp-ն իրեն լրտեսում է, թե մեսենջերն ակտիվացրել է խոսափողը, երբ ինքը քնած է եղել և այն օգտագործելիս չի եղել: Շուտով քննադատություններին միացել էր Իլոն Մասկը՝ գրելով. «WhatsApp-ին չի կարելի վստահել»։

WhatsApp-ի մշակողներն այդ ժամանակ իրենց հերթին հայտարարեցին, որ խնդիրը կապված է Android-ի ներսում տեղի ունեցած սխալի հետ, և իրականում ոչ ոք չի լրտեսում օգտատերերին․ թեև խոսափողի ինդիկատորը ցույց էր տալիս, որ այն ակտիվացած է, այդ պահին մեսենջերի կողմից որևէ ձայնագրություն չի արվել:

Այժմ, Android-ի մշակողների խոսքով, խնդիրը լուծվել է։ Նրանք նաև WhatsApp-ի օգտատերերին կոչ են արել թարմացնել մեսենջերի հավելվածը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp հավելվածն ունի նոր գործառույթ, որը պաշտպանում է օգտատերերին սպամ զանգերից. այժմ մեսենջերը կարող է ավտոմատ կերպով արգելափակել անհայտ կոնտակտներից ստացվող սպամ զանգերը: