WhatsApp-ում ավելացվել է սպամ զանգերից պաշտպանվելու գործառույթ

20 հունիսի, 2023  14:10

WhatsApp հավելվածն ունի նոր գործառույթ, որը պաշտպանում է օգտատերերին սպամ զանգերից. այժմ մեսենջերը կարող է ավտոմատ կերպով արգելափակել անհայտ կոնտակտներից ստացվող սպամ զանգերը: Այս մասին Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է Meta Channel-ում, որը տեղեկություն է հրապարակում ընկերության նոր ծառայությունների մասին։

«Այժմ դուք կարող եք WhatsApp-ում ավտոմատ կերպով արգելափակել մուտքային զանգերը անհայտ կոնտակտներից: Սա թույլ է տալիս օգտատերերի համար էլ ավելի մեծ գաղտնիություն ապահովել և նրանց նոր հնարավորություններ է տալիս վերահսկելու համար աշխատանքը մեսենջերում»,- պատմել է Ցուկերբերգը:

Նրա խոսքով՝ նոր գործառույթը կարելի է միացնել մեսենջերի կարգավորումներում․ պետք է մուտք գործել «Գաղտնիություն» (Privacy) բաժին և ընտրել «Զանգեր» (Calls) կետը, այնուհետև սահիկը տեղափոխել դեպի «Արգելափակել անծանոթ համարները» հրահանգը։

Նշենք, որ այս ֆունկցիայի փորձարկման մասին հաղորդվել էր դեռ այս տարվա մարտին։ Անծանոթ համարից օգտվողին զանգահարող անձը չի ստանա որևէ ծանուցում, որ նրա զանգը չեն տեսնում կամ չեն լսում. նա միայն կլսի ձայնային ազդանշաններ, իսկ նրան պարզապես չեն պատասխանի:

Ֆունկցիան ակտիվացրած օգտատերը նույնիսկ չի իմանա անհայտ բաժանորդից հնարավոր վտանգավոր զանգի մասին։ Բայց նա կկարողանա դիտել անհայտ համարներից բաց թողնված զանգերի պատմությունը և որոշի, որ բաց թողնված զանգն իր համար վտանգ չի ներկայացնում կամ ճանաչի տվյալ համարը, որտեղից իրեն զանգահարել են, ապա հնարավորություն կունենա հետ զանգահարել։


 
 
 
 
  • Արխիվ