Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) 22 դրամաշնորհ կտրամադրի հայաստանցի գիտնականներին՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության, բժշկության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

Մրցույթին, որն իրականացվում է 2001-ից, այս տարի ներկայացված 125 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 22-ը: Հաղթող գիտական խմբերի ղեկավարներից 8-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 13-ը՝ կանայք: Գիտական խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 70 է։

Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:

2000-ից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 1-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում՝ ժամը 12:00-ին (Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 24):

Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների, ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շնորհիվ այս տարի լրացուցիչ մեկ դրամաշնորհ է տրամադրվել երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ գործող հետազոտական խմբերին։

ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2023-ին 6 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 4-ը՝ ֆիզիկայի, 4-ը՝ կենսաքիմիայի, 3-ը՝ աստղաֆիզիկայի, 2-ը՝ կենսատեխնոլոգիայի, 2-ը՝ հումանիտար և 1-ը՝ բուսաբանության ոլորտներն ուսումնասիրելու հայտերը։

Անցած 23 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 3292 դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 589 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել մոտ 2170 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 945 հազար դոլար: