ՀՀ ԳԱԱ նախագահությունը մայիսի 24-ին Հայաստանի կենսաբանական հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրել է կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանին, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Արսեն Առաքեյանը ներկայացրել է Հայաստանի կենսաբանական հանդեսի հետագա զարգացման պլանը։ Նա նշել է, որ հանդեսը լույս է տեսնելու բացառապես անգլերենով և էլեկտրոնային տարբերակով: Ամսագրի խմբագրական կազմում ներգրավվելու են նաև արտասահմանյան գիտնականներ:

Արսեն Առաքելյանը ծնվել է 1979-ին` Երևանում: Ավարտել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետը: 2004-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2020-ից կենսաբանական գիտությունների դոկտոր է: 

Արսեն Առաքելյանի գիտական գործունեության ուղղություններն են` մոլեկուլային և բջջային կենսաբանություն, մոլեկուլային իմունաբանություն, կենսաբժշկություն, կենսաքիմիա, կենսաինֆորմատիկա, գենոմիկա, տրանսկրիպտոմիկա:

Արսեն Առաքելյանը 257 գիտական աշխատության հեղինակ է, այդ թվում գրքերում՝ յոթ, գիտական ամսագրերում՝ 150, գիտաժողովների հավաքածուներում՝ 100 աշխատության:

2015-ից Արսեն Առաքելյանը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենն է: Միաժամանակ նա ղեկավարում է Հայ-Ռուսական համալսարանի կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համատեղ «Տեղեկատվական կենսաբանության լաբորատորիա» ծրագրի համաղեկավարն է:

2012, 2014, 2018, 2021 թվականներին արժանացել է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» պարգևին, 2012-ին ճանաչվել է միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթի հաղթող: 2010-ին ՌԴ «Կրթության, գիտության և առողջապահութլան զարգացում» ԲՀ-ի կողմից արժանացել է III կարգի դիպլոմի լավագույն գիտական մշակման համար: