Կտեղադրենք 20 արագ լիցքավորող կայաններ, էլեկտրոմոբիլը կլիցքավորվի 40 րոպեում. Team–ի նոր նախաձեռնությունը

10 մարտի, 2023  15:36

Team ընկերությունների խումբն առաջիկայում մուտք կգործի էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների շուկա, ինչպես նաև կգործարկի Team Pay էլեկտրոնային վճարահաշվարկային ծրագիրը։ Այս մասին «DigiTec 2022» բարձր տեխնոլոգիաների համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Team ընկերությունների խմբի համանախագահ Հայկ Եսայանը։

«Որպես նորարարություն ներկայացրել ենք էլեկտրական մեքենաների մարտկոցների լիցքավորումը, որտեղ մենք յուրովի մոտեցում ենք ունեցել: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ լիցքավորիչները կիդենտիֆիկացնեն մեքենաները եւ ավտոմատ կերպով կմիանա մեքենաների լիցքավորումը: Սա առաջին անգամ է լինելու Հայաստանում, կտեղադրվեն 20-ից ավելի բարձր թողունակությամբ լիցքավորող սարքավորումներ (fast charger), որպեսզի ցանկացած մեքենա 40 րոպեում կարողանա լիցքավորվել: Նաեւ 50-ից ավելի սովորական 220 վոլտային լիցքավորող սարքեր կտեղադրվեն»,- ասաց Եսայանը:

Նրա խոսքով, իրենց ներկայացրած բոլոր լուծումները տեղական են. «Այո, մեզ համար դժվար է լոկալ շուկայում մեծ գլոբալ ընկերությունների հետ մրցակցել, որովհետեւ իրենց ռեսուրսները ոչ 3 միլիոնանոց շուկաների համար են, այլ 100, 300 կամ անգամ 500 միլիոնանոց շուկաների համար: Մենք փորձում ենք 3 միլիոնանոց շուկայում ավելի փոքր թիմով, ավելի մեծ արդյունավետությամբ մրցել նույն շուկայում մեծ գիգանտների հետ: Բայց ստացվում է, ես շատ ուրախ եմ, որ մենք հարթակ ունենք, որտեղ այդ ընկերությունները կարող են իրենց լուծումները ցույց տալ: Ցավոք, մենք հանրության մեջ այդ ընկալումը չունենք, որ օգտվենք հայկական լուծումներից, որ հնարավորություն տանք դրանց զարգանալու, մտնելու այլ երկրներ: Եթե այդ աջակցությունը չլինի, մեզ համար ավելի դժվար կլինի մրցակցել: Բոլոր ընկերություններին այդ մասով հանրության օգնությունը պետք է»,- ասաց նա:

Եսայանն ընդգծեց, որ հիմա իրենք գնում են ավելի կանաչ ապագայի. «Մենք կառուցում ենք 4,8 մեգավատտանոց արեւային կայան, տեղադրում ենք այդ մարտկոցները եւ փորձում ենք դրանցով լիցքավորել մեքենաները: Մեքենաների արտանետումները պակասում են: Իսկ տեխնոլոգիական լուծումը տարբերվում է նրանով, որ այդ ամենը ավտոմատացվում է, ավելի հարմարավետ է մարդու համար: Այստեղ միայն վճարունակության հարցն է, որը հնարավորություն է տալիս մարդկանց նման ծառայություններից օգտվել: Եվ կա հակառակը, երբ ավելի էժան ու օպտիմալ լուծումներով են մարդիկ ծառայությունը ստանում»:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ