Մեկ տարում ՀՀ է տեղափոխվել մոտ 2000 բարձր տեխնոլոգիական ընկերություն և շուրջ 50 հազար մասնագետ. Քերոբյան

10 մարտի, 2023  14:29

Վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Հայաստան է տեղափոխվել շուրջ 2 հազար ՏՏ ընկերություն՝ հիմնականում Ռուսաստանից, նաեւ շուրջ 50 հազար ծրագրավորող և բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ մասնագետներ: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին «ԴիջիԹեք-2022» համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Նրա խոսքով, այս ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում գործող բաց տնտեսության մոդելը գրավում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին։ Նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունն աջակցության մի շարք միջոցառումներ է ձեռնարկում բիզնեսի արդիականացման համար։ Այդ միջոցներից մեկը նոր սարքավորումների ձեռքբերման համար վարկերի տոկոսների սուբսիդավորումն է, մյուսը՝ հրավիրված բարձրակարգ մասնագետների աշխատավարձերի մասնակի սուբսիդավորումը: 

Առաջին ծրագրով արդեն իսկ ստացվել է ավելի քան 1200, իսկ երկրորդի շրջանակներում՝ մոտ 300 հայտ։ Շուտով կակտիվանա երրորդ բաղադրիչը՝ բիզնես գործընթացների թվայնացման ծախսերի սուբսիդավորում։ Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ այս բոլոր նախագծերը կնպաստեն ընկերությունների արտադրողականության բարձրացմանը: 

Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ մարտի 10-ին, մեկնարկել է «ԴիջիԹեք-2022» համաժողովը և տարածաշրջանում ամենախոշորը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։ «DigiTec Expo»-ն խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումն է տարածաշրջանում, որը 2005 թվականից ամեն տարի ՏՏ ընկերություններին հնարավորություն է ընձեռում ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Այն կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին նախատեսված միջոցառումը հետաձգվել էր Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ