Երևանում մեկնարկել են «ԴիջիԹեք-2022» համաժողովը և նույնանուն ցուցահանդեսը

10 մարտի, 2023  11:26

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ մարտի 10-ին, մեկնարկել է «ԴիջիԹեք-2022» համաժողովը և տարածաշրջանում խոշորագույնը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։ 

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը եւ այլք:

image00008.jpeg (268 KB)

«Անցած տարիներին մենք շատ մեծ աճ ենք ունեցել ՏՏ ոլորտում, հույս ունենք, որ կշարունակենք այդ աճը հաջորդիվ, ինչի համար մեր նախարարությունը տարբեր ծրագրեր է մշակում: Ցավոք, այս պահին չեմ կարող ճիշտ թվերը ներկայացնել, թե որքան աճ ենք ունեցել, բայց այն զգալի է եղել նախորդ տարիների հետ կապված: Ցանկանում եմ արդյունավետ քննարկումներ: Այս տարի նախարարության աջակցությամբ փորձել ենք ստարտափ ընկերություններին նույնպես ներգրավել միջոցառումներին, նաև Վրաստանից ենք ստարտափ ընկերություններ հրավիրել», իր ելույթում նշեց Ռոբերտ Խաչատրյանը:

image00006.jpeg (312 KB)

Բացման խոսք հնչեցրեց նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ով նախ ողջունեց ներկաներին, ապա նշեց, որ շատ երջանիկ է, որ ներկա է նման միջոցառման, որ հնարավորություն է ունեցել շփվել կազմակերպիչների հրաշալի թիմի հետ: Նրա խոսքով, շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես անել, որ բարձր տեխնոլոգիաները նպաստեն մարդու իրավունքների ու ժողովրդավարության արժեքների զարգացմանը: Նա հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում հնարավորություն կունենան տեսնելու նորարար ընկերությունների և նրանց լուծումներին:

«Մենք կարիք ունեն խթանել բարձր տեխնոլոգիաները և այս համաժողովը կոչված է նպաստելու դրան: Տեխնոլոգիաները նրա համար են, որ կրթեն ու զարգացնեն հասարակությանը, ոչ թե վերահսկեն նրան: Տեխնոլոգիաները կարող են օգնել կազմակերպել ավելի թափանցիկ ու ազատ ընտրություններ, ապահովել թափանցիկություն հանրային ոլորտներում և կառավարությունում»:

image00005.jpeg (208 KB)

Համաժողովին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը,  Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր և ղեկավարող գործընկեր Հենրի Արսլանյանը, Activeloop ընկերության հիմնադիր Դավիթ Բունիաթյանը, Acrobator Ventures ընկերության համահիմնադիր և գլխավոր գործընկեր Ջոակիմ Լակյորը և այլոք։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցում է շուրջ 30 խոսնակ 9 երկրից։ Համաժողովին գրանցվել է ավելի քան 800 մասնակից։

image00001.jpeg (498 KB)

«Կոնֆերանսի օրակարգն ու հաստատված խոսնակների ցանկն այժմ վերջնական են, և մենք սպասում ենք միջոցառման կայացմանը,- նշեց «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ և «Սենսյան» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը: - Մեր նպատակն է կազմակերպել միջազգային տեխնոլոգիական կոնֆերանս ամբիցիոզ թեք պետությունների համար և վստահ եմ, որ հաջողությամբ իրագործում ենք մեր առաջ դրված խնդիրը»։

Կոնֆերանսի հիմնական ծրագրին զուհագեռ՝ կան նաև լրացուցիչ սեսիաներ համաժողովի Full Network Pass ունեցող այցելուների համար։ «ԴիջիԹեքն» հայտարարել է առաջին «ԴիջիԹեք» վենչուրային կապիտալի արագ հանդիպումների փուլի մասին, որը տեղի կունենա  մարտի 11-ի առավոտյան։ Full Network Pass տոմսերով ստարտափ հիմնադիրներն ու գործադիր տնօրենները կունենան հնարավորություն գրանցվելու 15-րոպեանոց «pitch սեսիաների» միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներից մեկի հետ։

image00003.jpeg (696 KB)

Ապա տեղի կունենա «Գրանատուս Վենչուրս»-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը՝ «Դիջիթեք 2022» համաժողովի շրջանակներում։ Այն եզակի հանդիպում է սոցիալական, առողջապահական և բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափերի, ներդրողների և տեխնոլոգիական արդյունաբերության հիմնական խաղացողների համար: Ֆորումի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են լուծել համաշխարհային մասշտաբով կայուն զարգացման ամենաբարդ խնդիրները։ Ֆորումը տեղի կունենա մարտի 11-ին՝ 14:30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

Ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսն այցելուների ընդունելու է մինչև 12-ը ներառյալ՝ ժամը 09։00-16։00-ն, Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 120 տեղական և միջազգային ընկերություններ։ Մուտքն ազատ է։

Հիշեցնենք, որ ԴիջիԹեք համաժողովն այս տարի բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից  և կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների ու հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։ Համաժողովի խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։ Միջոցառման վերաբերյալ մանրամասների համար կարող եք այցելել պաշտոնական կայք:

«DigiTec Expo»-ն տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումն է, որը 2005 թվականից սկսած  ամեն տարի ավելի քան ՏՏ 100 ընկերությունների հնարավորություն է ընձեռնում ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Այն կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից։ 2022 թվականի հոկտեմբերին նախատեսված միջոցառումը սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված լարված  իրավիճակով պայմանավորված հետաձգվել էր։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ