Մի քանի փուլով ցանկանում ենք խթանել թվային փոխակերպումը. Վահան Քերոբյան

10 մարտի, 2023  11:56

Մենք մի քանի փուլով ցանկանում ենք խթանել թվային փոխապերպումը Հայաստանում: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Երեւանում ընթացող «ԴիջիԹեք-2022» համաժողովում՝ իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

Նա ընդգծեց, որ առաջին փուլով ընկերություններին հնարավորություն կտան հասկանալ, թե իրենց ընկերություններին ինչ կարող է տալ թվային փոխակերպումը, հաջորդ փուլը վերաբերում է ընկերությունների ինովացիոն ներդրումային ծախսերի սուբսիդավորմանը՝ դրանով նպաստելով նորարարությունների ներդրմանը ընկերություններում: 

Վահան Քերոբյանի խոսքով՝ շատ կարեւոր է հայտնի ընկերությունների մուտքը Հայաստան, որի ուղղությամբ նույնպես աշխատանքներ են իրականացնում:

Նախարարը նաեւ հայտարարեց, որ ինովացիաները եւ դրանց ներդումը տնտեսության մեջ իրենց հետ բերելու են ոչ միայն արդյունավետության բարձրացում, ինչը գործող կառավարության առաջնահերթություններից է տնտեսության բոլոր ոլորտներում, այլեւ թափանցիկություն, հաշվետվողականություն, նաեւ նպաստելու են օրենքի իշխանության հաստատմանը, ազատություններին: 

Վահան Քերոբյանը շեշտեց, որ կառավարությունը շեշտը դնում է տնտեսության արդիականացման, սարքերի, սարքավորումների, տեխնոլոգիաների նորացման, ինստիտուտների արդականացման վրա: Բացի այդ, կառավարությունը բարձր որակավորում ունեցող մասնագետներին սուբսիդավորելու ծրագիր է իրականացնում: 

Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ մարտի 10-ին, մեկնարկել է «ԴիջիԹեք-2022» համաժողովը և տարածաշրջանում ամենախոշորը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։ «DigiTec Expo»-ն խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումն է տարածաշրջանում, որը 2005 թվականից ամեն տարի ՏՏ ընկերություններին հնարավորություն է ընձեռում ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Այն կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին նախատեսված միջոցառումը հետաձգվել էր Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ