Գլենդելում կբացվի առաջին «Արմաթ» աշխատանոցը

14 փետրվարի, 2023  15:10

Մարտի 18-ին Գլենդելի Academy USA սպորտային ակադեմիայում տեղի կունենա «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը, տեղեկացնում է ԱՏՁՄ հանրային կապերի բաժինը։

Բացմանը կմասնակցի «Արմաթ» ազգային կրթական ծրագրի պատվիրակությունը, որն ԱՄՆ-ում կլինի մարտի 18-26-ը։ Պատվիրակությունը կգլխավորի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Այցի նպատակն է նաև նպաստել հայկական համայնքի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների շրջանում ծրագրի ճանաչելիությանը։

Մարտի 19-ին Hero House հարթակում ճանաչելիության բարձրացման նպատակին ուղղված երեկույթ կանցկացվի։ Մարտի 25-ին տեղի կունենա հանդիպում համայնքի հետ Կուպերտինոյի (Սիլիկոնյան հովիտ) Սուրբ Անդրեաս, իսկ հաջորդ օրը՝ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայոց առաքելական եկեղեցիներում։

Armath 2.jpg (270 KB)

«Մեր նպատակն է «Արմաթ» կրթական ծրագրի համահայկական ներգրավվածությունն ավելի համակարգված դարձնել։ ԱՄՆ-ում առաջին «Արմաթ» աշխատանոցի բացումը լավ առիթ է անհատապես ներկայացնելու «Արմաթ» տեսլականն ու հեռանկարները ԱՄՆ հայկական համայնքին և ձևավորելու համագործակցության նոր ու առավել արդյունավետ ուղիներ»,- ասել է ԱՏՁՄ գործադիր տնօրենը։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման պաշտոնական արարողություն էր տեղի ունեցել Քուվեյթի ազգային վարժարանում, իսկ ավելի վաղ՝ 2022 թ․ նոյեմբերի 24-ին, Փարիզի Թարգմանչաց համազգային վարժարանում։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ