Քուվեյթի ազգային վարժարանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվել

1 փետրվարի, 2023  16:59

Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող պատվիրակության այցի շրջանակում Քուվեյթի ազգային վարժարանում hունվարի 31-ին տեղի է ունեցել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման պաշտոնական արարողությունը։

Բացմանը ելույթ են ունեցել վարժարանի տնօրենը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը ներկայացրել է «Արմաթ» կրթական ծրագրի տասնամյակի ձեռքբերումները, ապա Քուվեյթի «Արմաթ» լաբորատորիայի սաները ներկայացրել են իրենց աշխատանքները։

Բացմանը ներկա են եղել Քուվեյթի պետական այրեր, ապագա գործընկերներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ, ուսանողներ, ինչպես նաև Քուվեյթի եկեղեցիների, մասնավոր դպրոցների և քոլեջների ներկայացուցիչներ։

Նշենք, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող պատվիրակությունը հունվարի 29-ից փետրվարի 2-ը աշխատանքային այցով Քուվեյթում է։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, Arloopa ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը և SmartGateVC համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։

Kuwait 3.jpg (261 KB)

Հունվարի 29-ին հայկական պատվիրակությունը հանդիպել է Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնական գործակալության (CAIT) գլխավոր տնօրենի պաշտոնակատար, դոկտոր Ամար Ալհուսեյնի հետ, ապա այցելել Քուվեյթի հայկական եկեղեցի։

Հունվարի 30-ին տեղի է ունեցել «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը և իր հնարավորությունները» թեմայի ներկայացումը Քուվեյթի մասնավոր ընկերությունների հետ հանդիպումների ընթացքում, որն ուղեկցվել է հարց ու պատասխանով։ Այնուհետև պատվիրակություն մասնակցել է Քուվեյթում Հայաստանի դեսպանության ընդունելությանը։

Փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիպում Ազգային տեխնոլոգական ձեռնարկությունների ընկերության գործադիր տնօրեն Անաս Միրզայի հետ։

Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի և վերջինիս հնարավորությունների ճանաչելիությունը, ներկայացնել այն Քուվեյթի ոլորտային պետական գործակալություններին, ներկայացնել հայկական ընկերությունների (ներառյալ ստարտափների) հետ ներդրումային և համագործակցային հնարավորությունները, կապեր հաստատել ՏՏ մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև ներկա լինել Քուվեյթի ազգային վարժարանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացմանը։

Armath Kuwait 1.jpg (206 KB)

Հիշեցնենք, որ Քուվեյթում «Արմաթ» լաբորատորիան իր աշխատանքներն սկսել է դեռ նախորդ տարվա աշնանը, սակայն բացման արարողությունը նշանակվել է հունվարի 31-ին՝ բոլոր հետաքրքրված կողմերին աշխատանոցի առաջին արդյունքները ներկայացնելու նպատակով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ