Yahoo-ն կկրճատի աշխատակիցների ավելի քան 20%-ը՝ մոտ 1600 աշխատող

10 փետրվարի, 2023  14:29

Yahoo-ն հայտարարել է, որ նախատեսում է կրճատել աշխատակիցների ավելի քան 20%-ը՝ մոտ 1600 աշխատող: Ընկերությունը պարզաբանել է, որ ստիպված է գնալ այս քայլին գովազդային տեխնոլոգիաների իր ստորաբաժանման լայնածավալ վերակառուցման շրջանակում։

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, ընկերությունից պարզաբանել են, որ մինչև այս տարվա վերջ աշխատողների կրճատման ծրագիրը կազդի Yahoo-ի գովազդային տեխնոլոգիաների բաժնի աշխատողների գրեթե 50%-ի վրա, այդ թվում՝ մոտ 1000 աշխատակցի, որոնք աշխատանքից կազատվեն այս շաբաթ։

«Հաշվի առնելով, որ Yahoo Advertising խումբը նոր առաջնահերթություններ ունի, մենք 2023 թ․ վերջում կնվազեցնենք նախկին Yahoo for Business ստորաբաժանման աշխատուժը գրեթե 50%-ով»,- CNBC-ին ասել է Yahoo-ի ներկայացուցիչը:

«Նման որոշումներ կայացնելը երբեք հեշտ չէ, բայց մենք հավատում ենք, որ այս փոփոխությունները կպարզեցնեն և կուժեղացնեն մեր գովազդային բիզնեսը երկարաժամկետ հեռանկարում, միևնույն ժամանակ Yahoo-ին հնարավորություն կտան ավելի շատ օգտու տալ մեր հաճախորդներին և գործընկերներին»,- հավելել է նա։

Yahoo-ի գործադիր տնօրեն Ջիմ Լանզոնը Axios-ին տված հարցազրույցում ասել է, որ այս փոփոխությունները «չափազանց շահավետ կլինեն Yahoo-ի ընդհանուր շահութաբերության համար» և թույլ կտան ընկերությանն ավելի շատ ներդրումներ կատարել իր բիզնեսի այլ հատվածներում, որոնք շահութաբեր են:

Ընկերությունը հավելել է, որ կադրային այս փոփոխությունները կօգնեն ընկերությանը ջանքերը կենտրոնացնել գովազդային նոր հարթակի վրա և ավելացնել ներդրումներն այնտեղ։

Yahoo-ի ներկայացուցիչը նաև ասել է, որ ընկերությունը աշխատանքից ազատված աշխատողներին կտրամադրի վերջնահաշվարկ և ազատման համար նախատեսված աջակցություն, սակայն այլ մանրամասներ նա չի տրամադրել։

Yahoo-ն 2021 թ․ 5 մլրդ դոլարով ձեռք է բերել Apollo Global Management ներդրումային ընկերությունը։ PitchBook-ի տվյալների համաձայն՝ այդ ժամանակ Yahoo-ում 10,000 աշխատող կար։

Նշենք, որ մի շարք պատճառներով պայմանավորված՝ վերջերս ՏՏ ոլորտի շատ ընկերություններ զանգվածային կրճատումներ են սկսել։ Կրճատումների մասին են հայտարարել Microsoft-ը, Amazon-ը, HP-ն, Vimeo-ն, Google-ը, IBM-ը, Xiaomi-ն, Meta-ն և շատ ընկերություններ:

Meta Platforms-ում, ինչպես պարզվում է, կարող են կրճատվել նաև միջին օղակի մենեջերները, որոնց կառաջարկվի կա՛մ անցնել կոնկրետ աշխատանքային պարտականությունների, կա՛մ լքել ընկերությունը։ Ինչպես գրում է Bloomberg-ը, ղեկավարելու և վերահսկելու փոխարեն միջին օղակի մենեջերներից շատերին այժմ առաջարկում են կոդ գրել, նախագծել, կատարել հետազոտություն և այլն։


 
 
 
 
  • Արխիվ