Հայաստանը փոքր մոդուլային ռեակտորների փորձադա՞շտ կդառնա

13 փետրվարի, 2025  18:55

Հայաստանի իշխանությունները հայտարարել են փոքր մոդուլային ռեակտորների (SMR) կառուցումը ձեռնարկելու ռազմավարական որոշման մասին՝ դա իբրև երկրի էներգետիկ անկախությանն ուղղված կարևոր քայլ ներկայացնելով։ Միաժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահորեն հայտարարում է, որ նման կայաններն ավելի անվտանգ են։ Ընդսմին անհասկանալի է, թե հատկապես ինչի վրա են հիմնված այդ պնդումները, քանի որ կառուցվող SMR-ներից և ոչ մեկն ամբողջությամբ չի շահագործվել, իսկ այդ տեխնոլոգիաների տնտեսական արդյունավետությունը դեռևս կասկածելի է: Հայաստանի սահմանափակ ռեսուրսները հաշվի առնելով՝ չփորձարկված տեխնոլոգիայի վրա հույս դնելը ոչ միայն չարդարացված, այլև նույնիսկ վտանգավոր է թվում:

Պատրա՞ստ է արդյոք երկիրը միլիարդավոր դոլարներ ծախսելու մի փորձի վրա, որի հետևանքը դեռ ոչ ոք չի կարող կանխատեսել, և արդյո՞ք մոդուլային ռեակտորներն իսկապես ատոմային էներգիայի ապագան են: Դիտարկենք հոդվածում:

Փոքր մոդուլային ռեակտորներ՝ առանց սխալվելու իրավունքի

Փոքր մոդուլային ռեակտորներն ատոմակայանների նոր սերունդն են: Ավանդական ցածր էներգիայի ռեակտորներից հիմնական տարբերությունն այն է, որ դրանք տեղում չեն կառուցվում և բարդ նախագծում չեն պահանջում, այլ պատրաստվում են գործարանում, այնուհետև առաքվում և հավաքվում են տեղում: SMR-ների որոշ տեսակներ նոր մոդուլներ ավելացնելու միջոցով հզորությունը մեծացնելու առավել ճկուն հնարավորություններ ունեն:

Այնուհանդերձ, մի շարք փորձագետներ կասկածանքով են վերաբերում այս տեխնոլոգիաներին:  

Ֆիզիկոս, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը փոքր մոդուլային ռեակտորները ռազմավարական ուղի հռչակելը վտանգավոր արկածախնդրություն է համարում։

«Ատոմային էներգետիկան որևէ այլ ոլորտի բնավ նման չէ: Այստեղ անհրաժեշտ է  հարյուր անգամ չափել, մի անգամ կտրել: Քայլ անելուց առաջ 100% երաշխիքներ են պետք։ Մինչդեռ կառավարությունը սա արդեն ռազմավարական ուղղություն է հռչակել, գործընթացներ են տեղի ունենում, միջոցներ են ծախսվում, մասնագետներ են վերապատրաստվում։ Այսինքն՝ որոշումն ընդունվել է, ընդ որում՝ արկածախնդիր որոշում, քանի որ այն զուրկ է որևէ գիտական ​​հիմքից։ Մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որ իշխանությունը Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման համար կասկածելի և վտանգավոր նախագիծը չկարողանա իրագործել»,- ընդգծում է Արամ Մանուկյանը։

Ֆիզիկոսը նշում է, որ աշխարհում ընդամենը երկու գործող փոքր մոդուլային ռեակտոր կա: Ռուսաստանում գործում է երկու 35-ական մեգավատտ (Մվտ) հզորությամբ ռեակտորներով լողացող «Ակադեմիկոս Լոմոնոսով» ատոմակայանը, որը շահագործման է հանձնվել 2020 թվականին։ Չինաստանում էլ գործում է 210 Մվտ հզորությամբ HTR-PM ցուցադրական մոդուլային բարձրջերմաստիճանային գազով հովացվող ռեակտոր, որը ցանցին միացվել է 2021 թվականին։

«20 երկիր 30 տարի շարունակ մշակում և փորձարկում է նշված տեխնոլոգիաները, և տվյալ պահին մոտ 70 ընկերություն զբաղվում է նման կարգի մշակումներով։ Սակայն, հակառակ բոլոր ջանքերին, ոչ մի ընկերություն դեռևս չի ստացել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հավանությունը սերիական արտադրությունն ու վաճառքը սկսելու համար»,- նշում է մասնագետը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Վարդան Հակոբյանը ևս թերահավատ է առաջիկա տարիներին այս տեխնոլոգիաների հեռանկարների վերաբերյալ. «Բոլոր մասնագետները, որոնց հետ ես խոսել եմ վերջին տարիներին, նույն բանն են ասում. «մշակումը հաջորդ տարի կավարտվի», ու այդպես տարեցտարի: 2022 թվականից ի վեր միայն մեկ՝ NuScale ծրագիրն է ստացել բոլոր արտոնագրերն իր երկրում»։

Ինչո՞ւ հզոր ատոմակայան չկառուցել. փող չկա

Ինչպես հայտնի է, «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան Երևանին է ներկայացրել 1200 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Ուրեմն ինչո՞ւ կառավարությունը նախապատվությունը տվեց չփորձարկված տեխնոլոգիաներին։

Վարդան Հակոբյանը նշում է, որ, հաշվի առնելով Հայաստանում զարգացման ներկայիս տեմպերը, անվտանգ և արդյունավետ աշխատելու ունակ 1000–1200 Մվտ հզորությամբ խոշոր ատոմակայանի կառուցումն առաջիկա 10 տարում անհնար է թվում։ Ըստ նրա՝ նման նախագիծն իրատեսական կլիներ միայն տարեկան 20% կայուն տնտեսական աճի և կառուցման համար կապիտալ ծախսերի ապահովման դեպքում, որը հնարավորություն կընձեռեր տարածաշրջանում մրցունակ տարիֆներ ձևավորել։

«Ի սկզբանե ենթադրվում էր, որ 1200 Մվտ ընդհանուր հզորությամբ մեկ կամ երկու էներգաբլոկների կառուցման ծախսերը մոտ 9 միլիարդ դոլար կկազմեն։ Նման դեպքում Հայաստանը կարող էր էլեկտրաէներգիա վաճառել հարևան երկրներին, իսկ հիմնական խնդիրը միջհամակարգային գծերի կառուցումը կլիներ։ Սակայն իրականում իրավիճակն այլ կերպ դասավորվեց: Նման գներ այլևս չկան։

Կապիտալ ծախսերի արժեքը զգալիորեն ավելի բարձր է, հետևաբար, այսօր նման ատոմակայան կառուցելու և տարածաշրջանային շուկայում մրցունակ գնագոյացման հնարավորություն չկա։ Բացի դրանից, մի կարևոր տեսակետ էլ կա: Եթե ​​Հայաստանն ի իճակի չէ գերմրցունակ գին առաջարկել, ուրեմն 1200 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի առկայությունը կծածկի երկրի ընդհանուր էներգիայի սպառման 60-70%-ը, իսկ դա արդեն էներգետիկ անվտանգության հարց է, քանի որ նշանակում է՝ վթարային անջատման, պրոֆիլակտիկ սպասարկման կամ վերանորոգման դեպքում համակարգը խիստ կախված կլիներ մեկ էներգաբլոկից։

Դրա (էներգաբլոկի.-խմբ) անջատման փոխհատուցման համար պահուստային հզորություններ կպահանջվեին, ինչը շոշափելի լրացուցիչ ծախսերի կհանգեցներ»,- ասում է Հակոբյանը։

Նախկին փոխնախարարի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ առաջնահերթությունը պետք է տրվի մինչև 600 մեգավատ հզորությամբ ցածր էներգակայաններին: Նման մոտեցումն ավելի մեծ ճկունություն և մանևրելու հնարավորություն կապահովի:

«Լավագույն լուծումը բազմաբաղադական կայանի կառուցվածքը կդառնա: Օրինակ, եթե այն հագեցած լինի երկու՝ 300 Մվտ հզորությամբ տուրբոգեներատորներով,  դա արդեն իսկ նրա հուսալիությունը կբարձրացնի։ Իսկ տուրբոգեներատորների քանակի ավելացման դեպքում կայանը կդառնա էլ ավելի կայուն և ադապտացվող հնարավոր բեռնվածություններին և էներգահամակարգի փոփոխություններին»,- նշում է նա։

Այստեղ հարկ է նշել, որ 2024 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 9381,4 միլիոն կՎտ/ժ, ինչը 2023 թվականի ցուցանիշից 6,5 տոկոսով ավելի է։ Երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներն են ՋԷԿ-երը, որոնք ապահովում են ընդհանուր ծավալի մոտ 42%-ը, և Հայկական ատոմային էլեկտրակայանը, որն արտադրում է էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի մոտ 31%-ը։ Այս ծավալի էներգիա արտադրելու համար ատոմակայանից շուրջ 331 Մվտ հզորություն է պահանջվելու։

Հակոբյանի մատնանշած հզորությունները, ամենայն հավանականությամբ, սպառման համեստ աճ են ենթադրում։ Սակայն եթե սպառման աճի տեմպերը մնան 6,5%-ի մակարդակին, Հայաստանի ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում ատոմային էներգիայի ներկա մասնաբաժինը պահպանելու համար այդ հզորությունը կարող է բավարար չլինել։ Հաշվի առնելով գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի հնարավոր երկարացումը մինչև 2036 թվականը, գործող կայանը շահագործումից հանելու պահին ատոմային էներգիայի մասնաբաժինը 31% պահպանելու համար մոտ 804 Մվտ հզորությամբ՝ 90% բեռնվածության գործակցով կայան կպահանջվի։

Սակայն հաշվի առնելով անգամ այն ցուցանիշները, որոնց հղում է անում նախկին փոխնախարարը, մեկ փոքր մոդուլային ռեակտորի հզորությունը չի բավարարի։ Ըստ ցանցի, շատ դեպքերում SMR-ները նախագծված են 50-300 Մվտ հզորությամբ: Հայտնի նախագծերից ամենահզորը Rolls-Royce-ի՝ (մոտ 470 Մվտ հզորությամբ) փոքր մոդուլային ռեակտորն է, NuScale-ի փոքր մոդուլային ռեակտոր ծրագրի շրջանակում արտոնագրված ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորի հզորությունն ընդամենը 60 մեգավատ է, թեև ավելի բարձր հզորության հասնելու համար այն մի քանի նման ռեակտորներ միավորելու հնարավորություն է նախատեսում, բայց դա, բնականաբար, անդրադառնում է գնի վրա:

Փոքր մոդուլային ռեակտորն է՞լ է թանկ

Ինչպես հայտնեց Արամ Մանուկյանը, փոքր մոդուլային ռեակտորների (SMR) մշակման և փորձարկման տարիների ընթացքում դրանց արժեքը բազմապատիկ աճել է, ինչը կասկածի տակ է դնում ծրագրի շահութաբերությունը։ Օրինակ, Չինաստանում նախատեսում էին ևս մեկ փոքր մոդուլային ռեակտոր տեղադրել, սակայն նախագիծը բարձր արժեքի պատճառով չեղարկվեց, նշեց նա։

Մանուկյանի խոսքերը հաստատեց նաև Հակոբյանը՝ որպես օրինակ բերելով NuScale նախագծի ճակատագիրը։

«NuScale-ն իր երկրում ստացել է բոլոր անհրաժեշտ արտոնագրերը: Սակայն, չնայած դրան, բարձր արժեքի պատճառով նախատեսված 6 բլոկների շինարարությունը չմեկնարկեց։ Կապիտալ ծախսերը պետք է հաշվի առնվեն, քանի որ մեր հզորություններն այնքան մեծ չեն, որ դրանց ազդեցությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա չանդրադառնա։ Եթե ​​անգամ տեխնոլոգիաներն փորձարկված լինեին, պետք է հաշվի առնել կապիտալ և շահագործման ծախսերը, քանի որ դրանք հսկայական ազդեցություն կունենան սակագների վրա, և ազդեցությունը խիստ շոշափելի կլինի»:

Չնայած զանգվածային արտադրության շնորհիվ արժեքի կրճատման խոստումներին՝ ընթացիկ հետազոտությունները վկայում են, որ փոքր մոդուլային ռեակտորների համար կապիտալ ծախսերը խոշոր միջուկային ռեակտորների հետ համադրելի են: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ SMR-ների կառուցումը նշանակալի ներդրումներ է պահանջում, որոնք մեկ կիլովատ սահմանված հզորության համար կարող են գերազանցել 8000 դոլարը։ Դիցուկ, 110 Մվտ հզորությամբ բլոկը շուրջ 1,5 միլիարդ դոլար կպահանջի: Սահմանափակ ֆինանսական միջոցների պայմաններում տվյալ հանգամանքը նախագծերը տնտեսական առումով անշահավետ է դարձնում։ 

Հետևաբար, Միացյալ Նահագներում փոքր մոդուլային ռեակտորների բազմաթիվ քննադատներ ևս ներդրողներին հորդորում են այս տեխնոլոգիաներում ներդրումներ չանել։ Այսպես, Nuclear Advanced Manufacturing Research Center-ի գործադիր տնօրեն Էնդրյու Սթորերը միանշանակորեն հայտարարել է. «Մատակարարման շղթայի ընկերություններին խորհուրդ ենք տալիս փոքր մոդուլային ռեակտորներում այս պահին ներդրումներ չանել: Ներդրումների վերադարձը երաշխավորելու համար տեխնոլոգիան դեռևս չափազանց անորոշ է»:

Ոչ միայն ստուգված չեն, այլ նաև պոտենցիալ վտա՞նգ են պարունակում

Այսպիսով, փոքր մոդուլային ռեակտորները պատշաճ մակարդակով չեն փորձարկվում, դրանց արդյունավետությունն ապացուցված չէ, շատ թանկ են նստում, բախվում են ներդրումներ ներգրավելու խնդրին, բայց դա էլ դեռ ամենը չէ։

«Չի կարելի Հայաստանը վերածել փորձադաշտի, դա ուղղակի վտանգավոր է։ «Փոքր մոդուլային ռեակտորներն ավանդական ատոմակայաններից մի քանի անգամ ավելի վտանգավոր են, քանի որ դրանք վառելիքն ամբողջությամբ չեն վերամշակում»,- ահազանգում է Մանուկյանը՝ հավելելով, որ թափոնների օգտագործման՝ ուտիլիզացիայի խնդիրը մեծ հարցականի տակ է, խնդիր, որին այսօր արդեն իսկ բախվում է Հայաստանը։ 

Նման տեխնոլոգիաներով թափոններին առնչվող խնդիրների մասին խոսում են նաև Միացյալ Նահագներում։ Մասնավորապես, ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովի նախկին նախագահ Էլիսոն ՄըքՖարլեյնն ավելի վաղ նշել է, որ փոքր մոդուլային ռեակտորներն ընդունակ են արտադրված էներգիայի մեկ միավորի դիմաց ավելի շատ ռադիոակտիվ թափոններ արտադրելու, քան ավանդական խոշոր ռեակտորները: Վկայակոչելով անցկացված հետազոտությունները՝ նա մատնանշում է, որ փոքր մոդուլային ռեակտորներն ընդունակ են հինգ անգամ ավելի շատ ծախսված միջուկային վառելիք և 35 անգամ ավելի շատ այլ ռադիոակտիվ թափոններ արտադրելու։

«Դա SMR-ների բնապահպանական կայունությունն ու երկարաժամկետ անվտանգությունը կասկածի տակ է դնում»,- համարում է ՄըքՖարլեյնը:

Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոդ Յուինգը ևս մատնանշում է հնարավոր ռիսկերին առնչվող սպառնալիքները.

«Թափոնների կառավարման տեսանկյունից փոքր մոդուլային ռեակտորները մարտահրավեր են, քանի որ դրանց փոքր չափերը երկարակյաց ռադիոակտիվ նյութերի խնդիրը չեն լուծում: Հարց է առաջանում՝ ավանդական ռեակտորների նկատմամբ դրանք որքանով են իսկապես բարելավված համարվում»:

Անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքական գործոնը

Մանուկյանը կոչ է անում չմոռանալ քաղաքական գործոնի մասին՝ հիշեցնելով, որ էներգետիկան և քաղաքականությունը սերտորեն փոխկապակցված են։

«Առանց բոլոր գործոնները հաշվի առնելու քայլ անելը կատարյալ շիզոֆրենիա է։ Չի կարելի ամերիկյան տեխնոլոգիայով փոքր մոդուլային ռեակտորներ կառուցել և ակնկալել, թե Ռուսաստանը դրանց համար վառելիք կմատակարարի: Ամերիկացիներն էլ չեն մատակարարի, քանի որ հենց իրենք են վառելիք գնում Ռուսաստանից, Կանադայից և Ֆրանսիայից։ Բացի դրանից, ինչպե՞ս ենք հեռացնելու այդ թափոնները՝ հաշվի առնելով, որ Վրաստանն ու Իրանը միջուկային թափոնների տեղափոխումն իրենց տարածքներով արգելող օրենքներ ունեն։ Ինչպե՞ս է իրականացվելու վառելիքի ներկրումն ու թափոնների հեռացումը, չլինի՞՝ Թուրքիայի տարածքով։ Դե ինչ, փորձեք»,- ասում է Արամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան արդեն երկար տարիներ հայկական ատոմակայանի փակման ուղղությամբ լոբբինգ է անում։

Վարդան Հակոբյանն իր հերթին կարևորում է գործընկերային հարաբերությունները.

«Մի կարևոր հարց էլ կա՝ ո՞ր երկրի տեխնոլոգիաները պետք է ընտրել։ Երկիրն ընտրելիս պետք է հասկանալ, որ այս երկրի հետ հարաբերություններն այս ոլորտում պետք է պահպանվեն 60-100 տարի, քանի որ խոսքը կայանի սպասարկման մասին է։ Բացի դրանից, պետք է հասկանալ, թե որտեղից է մատակարարվելու վառելիքը։ Վառելիք մատակարարելիս մշտապես հանդիպում ենք մի շարք տեխնիկական խնդիրների։ Ես 6,5 տարի փոխնախարար եմ աշխատել, և չի եղել մի տարի, որ խնդիրներ չառաջանան, բայց մեր պարտնյորը միշտ լուծել է այդ խնդիրները։ Ուստի պարտնյոր ընտրելիս պետք է ընտրել նրան, ով պատկերացնում է՝ ինչպես են լուծվելու մատակարարման խնդիրները»: 

Նախկին փոխնախարարը հավելեց, որ փոքր մոդուլային ռեակտորների ընտրությունը որպես ռազմավարական ուղղություն ամենևին էլ արևմտյան տեխնոլոգիաների պարտադիր ընտրություն չի ենթադրում։

«Փոքր մոդուլային ռեակտորների մասին խոսելիս բոլորն անմիջապես նկատի են ունենում արևմտյան տեխնոլոգիաները, բայց դա այնքան էլ ճիշտ չէ։ Կարևոր է հաշվի առնել, որ, օրինակ, փոքր մոդուլային ռեակտորների 100 նախագծերից իրականում միայն 5-ի դեպքում է խոսքը մոդուլային կայանի մասին լինում, դրանք պարզապես ցածր էներգիայի ռեակտորներ են, և այդտեղ ռուսական տեխնոլոգիաներ էլ կան: Այսինքն՝ եթե մենք գնում ենք փոքր մոդուլային ռեակտորների ճանապարհով, դա չի նշանակում արևմտյան տեխնոլոգիայի ինքնաբերական ընտրություն»,- ընդգծեց նա։   

Ռոսատոմում վաղուց են հայտարարել ցանկացած կոնֆիգուրացիայի ատոմակայանի կառուցման հնարավորության մասին։ Այսպես, Ռոսատոմի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, մեկնաբանելով լրագրողների հարցերը, նշել է, որ կորպորացիան կարող է Հայաստանին 50-1000 Մվտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել։ Նա հավելել է, որ, մասնավորապես, 50-ական Մվտ բլոկներից ցանկացած հզորության ռեակտոր «հավաքելու» հնարավորություն կա։

Այսպիսով, հօգուտ փոքր մոդուլային ռեակտորների Հայաստանի ընտրությունը ուշադիր և հավասարակշռված մոտեցում է պահանջում։ Սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունեցող երկրի համար մեծ ծախսերը և պոտենցիալ բնապահպանական վտանգները խիստ կասկածելի են դարձնում դրանց ընտրությունը: Այն պայմաններում, երբ նման նախագծերի հաջողությունը դեռևս անորոշ է, իսկ տեխնոլոգիաների արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցված չեն, ողջամիտ լուծումը, թերևս, ժամանակի փորձությունն անցած և հուսալի տեխնոլոգիաներին, ինչպես նաև ավանդական գործընկերային հարաբերություններին ապավինելն է: 

Նանա Վահրամյան


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive