«Սոյուզ ՄՍ-22»-ից հովացուցիչ նյութի արտահոսք է տեղի ունեցել, ռուս տիեզերագնացները չեն կարողացել բաց տիեզերք դուրս գալ

15 դեկտեմբերի, 2022  16:24

Միջազգային տիեզերակայանում կայանված ռուսական «Սոյուզ ՄՍ-22» (Союз МС-22) տիեզերանավից հովացուցիչ նյութի զգալի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով ռուս երկու տիեզերագնացներն ստիպված են եղել չեղարկել նախատեսված «զբոսանքը» բաց տիեզերքում մինչ թռիչքը վերահսկողները Երկրից փորձում էին լուծել խնդիրը։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, արտահոսքը տեղի է ունեցել այսօր Արևելյան ստանդարտ ժամանակով 19:45 (Երևանի ժամանակով 04.45-ին)։ Դրանից 1 ժամ 40 րոպե անց նախատեսված էր Ռուսաստանի դաշնային տիեզերական կորպորացիայի՝ «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպևը և Դմիտրի Պետելինը պետք է դուրս գային բաց տիեզերք, որտեղ պետք է անցկացնեին 6 ժամ 40 րոպե։

Միջազգային տիեզերական կայանի արտաքին տեսախցիկները ֆիքսել են կադրերը, թե ինչպես է հովացուցիչ նյութը փաթիլների տեսքով դուրս գալիս «Սոյուզ» տիեզերանավից և ցրվում տիեզերքում։ Արտահոսքը տևել է առնվազն երեք ժամ։ Թեև դա դեռ հաստատված չէ, սակայն ենթադրվում էր, որ արտահոսքի աղբյուրը արտաքին հովացման համակարգն է եղել։

«Այս արտահոսքի պատճառն այս պահին հայտնի չէ,- ասել է NASA-ի խոսնակ Ռոբ Նավիասը,- Ռուս մասնագետները շարունակում են ուսումնասիրել տվյալները և քննարկել, թե ինչն է դարձել  արտահոսքի պատճառ»:

NASA-ի թռիչքների հարցերով տնօրեն Էմիլի Նելսոնն իր հերթին ասել է, որ ռուս փորձագետները պատրաստվում են ուսումնասիրել իրենց համակարգերը և արձագանքել արտահոսքին՝ համաձայն իրենց ընթացակարգերի և քաղաքականության։ «Երբ նրանք այս գիշեր արդեն լավ պատկերացում ունենան «Սոյուզ»-ի վերջնական կարգավիճակի մասին, մենք համատեղ որոշում կկայացնենք, թե ինչ ենք անելու հաջորդիվ», - ասել է նա։

«Սոյուզ ՄՍ-22» տիեզերանավը տիեզերք է բարձրացել սեպտեմբերին, անձնակազմի անդամներն են «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպևը, Դմիտրի Պետելինը և ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ֆրենկ Ռուբիոն։ «Սոյուզ ՄՍ-22»-ը նախատեսված է նաև որպես «փրկարար տիեզերանավ», եթե Միջազգային տիեզերակայանում ինչ-որ արտակարգ բան տեղի ունենա և անձնակազմի տարհանում պահանջվի:

Soyuz .jpg (435 KB)

Տիեզերանավը անձնակազմին Երկիր պետք է վերադարձնի հաջորդ տարվա մարտին, թեև այս միջադեպից հետո դեռ հայտնի չէ, թե արդյոք այն ապահով կերպով կկարողանա կատարել իր այդ առաքելությունը։ Ըստ Space.com-ի՝ եթե «Սոյուզ ՄՍ-22»-ը չկարողանա իր անձնակազմին Երկիր վերադարձնել, ապա «Ռոսկոսմոսը», կարող է այդ նպատակով Միջազգային տիեզերակայան ուղարկել անօդաչու տիեզերանավ։

Սա երկրորդ անգամ է, որ Սերգեյ Պրոկոպևը և Դմիտրի Պետելինը ստիպված են լինում չեղարկել իրենց «զբոսանքը» բաց տիեզերքում։ Նախորդ անգամ նոյեմբերի 24-ին նրանք պատրաստվել էին լքել Միջազգային տիեզերակայանը, երբ խնդիր էր առաջացել Պրոկոպևի տիեզերական կոստյումի ջրի հովացման պոմպերից մեկի հետ։

Միջազգային տիեզերակայանում գտնվում է անձնակազմի յոթ անդամ, որոնցից երեքը ռուս տիեզերագնացներ են, երեքը՝ ամերիկացի, իսկ մյուսը՝ ճապոնացի:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ