Հայտնի են «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթի հաղթողները

13 դեկտեմբերի, 2022  17:04

Հայտնի են դարձել «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնության հաղթողները, այս մասին տեղեկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Առաջնությունը, որն այս տարի կրում էր «Ինքնակառավարվող ռոբոտները՝ խելացի ագարակում» խորագիրը, տեղի է ունեցել Դիլիջանի կենտրոնական դպրոցում։ Մասնակցության հայտ ներկայացրած 130 թիմերից եզրափակիչ փուլում էին 39 թիմեր Հայաստանի (ներառյալ՝ Արցախը) «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներից, Գյումրու «Զարգացման լաբորատորիա» հիմնադրամից և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից։

Բուն միջոցառմանն ուղեկցել են զուգահեռ իրականացվող ագրոտեխնոլոգիական ցուցահանդեսը, ինչպես նաև ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի վարած աշխատարանները։ 

«Ծրագրի հիմքում սպառողից արտադրողի և արարողի վերածվելու գաղափարն է։ Սա իսկապես մի մեծ, ազգային տոն է, տոն՝ ոչ միայն ներկաների, այլև մեր ապագա սերունդների համար, քանզի այս շարժումը մեծ ալիք պիտի դառնա և պիտի փոխի ամբողջ միջավայրը, որում մենք ապրում ենք»,- իր բացման խոսքում նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը՝ ողջունելով ներկաներին։

Կրտսեր տարիքի դպրոցահասակների (10-13տ) մրցույթում 1-ին տեղն զբաղեցրել է BeeMath խումբը (Բերդի թիվ 3 դպրոցի «Արմաթ» ճ/ա), 2-րդ տեղը՝ «Այգուտ» խումբը (Այգուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճ/ա), 3-րդ տեղում՝ GDL 1 խումբը (Գյումրու «Զարգացման լաբորատորիա» հիմնադրամ)։

Միջին տարիքի դպրոցահասակների (14-17տ) մրցույթում 1-ին տեղն զբաղեցրել է SmartFarmer խումբը (Երևանի ինֆորմատիկայի պետքական քոլեջ), 2-րդ տեղում GDL 2 խումբն էր Գյումրու «Զարգացման լաբորատորիա» հիմնադրամից, իսկ 3-րդ տեղում՝ «Գանձակցիներ» խումբը՝ Գանձակի թիվ 1 դպրոցի «Արմաթ» ճ/ա-ից։ 

ArmRobotics - 1.JPG (271 KB)

Մասնագիտացված թիմերից հաղթող է ճանաչվել Information Technology in Talin խումբը՝ Թալինի ավագ դպրոցի «Արմաթ» ճ/ա-ից։ 

Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր խմբերը ստացել են դրամական և խրախուսական պարգևներ։

Խրախուսական մրցանակներ
են ստացել նաև Scorpion-22 խումբը՝ Գյումրու «Դեպի Առաջ» երեխաների կենտրոնի «Արմաթ» ճ/ա-ից և ForFut խումբը՝ Գոշի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճ/ա-ից։ Անհատական խրախուսական մրցանակ է ստացել նաև «Ֆիզմաթ» խմբի անդամ Գոռ Միրզոյանը։

Ժյուրիի կազմում ընդգրկված էին Symotec ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական և ինժեներական ծրագրերի համակարգող, «Արմաթ» կրթական ծրագրի Լոռու մարզային համակարգող Եղիշե Սաֆարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի գիտական բաժնի վարիչ Արթուր Ալթունյանը, Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը, Intelinair ընկերության ինժեներական գծով ավագ տնօրեն Արմեն Խաչիկյանը։

2008 թվականից ի վեր իրականացվող «ԱրմՌոբոտիքս» մրցույթը յուրաքանչյուր տարի իրականացվում է տարբեր ձևաչափերով։ Մրցույթի կարևորագույն նպատակներն են բացահայտել և խրախուսել փորձառու հայ մասնագետներին և զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում։


 
 
 
 
  • Արխիվ