Apple-ը չի կարողացել իր ապրանքանիշը գրանցել ՌԴ-ում․ պատճառը Samsung-ի ապրանքանիշն է

13 դեկտեմբերի, 2022  12:52

Ռուսական կարգավորող մարին «Ռոսպատենտ»-ը մերժել է Apple-ին և չի գրանցել ընկերության «Center Stage» ապրանքանիշը Ռուսաստանում, քանի որ հնչողությամբ և գրառությամբ նման գրանցված ապրանքանիշ կա, որը պատկանում է Samsung-ին: Սա առաջին դեպքը չէ, երբ Apple-ը հայտնվում է նման իրավիճակում․ նախկինում նրան մերժել էին iPad ապրանքանիշի գրանցումը։

Apple-ը մնացել է առանց ապրանքանիշի

Ինչպես տեղեկացնում է Cnews-ը, գրանցման մերժման պատճառը «Center Stage» ապրանքանիշի նմանությունն է Samsung-ին պատկանող մեկ այլ ապրանքանիշի հետ, որին Apple-ը տարիներ շարունակ դատի է տալիս տարբեր արտոնագրերի խախտումների հիման վրա։

Խոսքը «Samsung CenterStage» ապրանքանիշի մասին է։ Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունները բոլորովին այլ երևույթներ են անվանում գրեթե նույն անուններով, «Ռոսպատենտը» որոշում է կայացրել մերժել Apple-ին։

Վեճի առարկան

Apple-ը նախատեսում էր «Center Stage» ապրանքանիշը Ռուսաստանում գրանցել 9-րդ դասի ապրանքների կատեգորիայում՝ ըստ Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ): ԱԾՄԴ դասակարգման ընթացիկ տարբերակում այս դասը, ի թիվս այլ բաների, ներառում է ներբեռնվող համակարգչային ծրագրակազմ՝ վիդեոկոնֆերանսների և տեսազանգերի ժամանակ օգտագործելու համար:

Apple-ի այս տեխնոլոգիան ուղղակիորեն կապված է տեսազանգերի և առցանց կոնֆերանսների հետ: Սա Apple-ի վերջին սարքերի առջևի տեսախցիկի գործառութային առանձնահատկությունն է, որն օգտատիրոջը միշտ պահում է կադրի կենտրոնում: Center Stage տեխնոլոգիան հիմնված է մեքենայական ուսուցման ալգորիթմների վրա: Դրա պրեմիերան տեղի է ունեցել 2021 թ․ ապրիլին, և առաջին անգամ այն տեղադրվել է iPad Pro պլանշետում։

Samsung-ի ապրանքանիշը, որն արդեն ներառված է «Ռոսպատենտ»-ի տվյալների բազայում, կոչվում է «Samsung CenterStage» և կապ չունի սարքերում առջևի տեսախցիկի տեխնոլոգիաների հետ։ CenterStage են կոչվում Samsung-ի ինտերակտիվ ցուցասրահները:

Apple-ի փաստարկները

«Ռոսպատենտ»-ի փորձագետների եզրակացության համաձայն՝ «Center Stage» ապրանքանիշը «շփոթեցնող» աստիճանի նման է «Samsung CenterStage»-ին։

Apple-ը փորձել է համոզել «Ռոսպատենտ»-ին, որ ապրանքային նշանների միջև կան տարբերություններ, առնվազն հնչողության առումով։ Ընկերությունը նաև մատնանշել է տեսողական տարբերությունները։

Apple-ը նաև փորձել է կենտրոնանալ այն փաստի վրա, որ դրանք տարբեր ծառայություններ են։ Ընկերության բերած վերջին փաստարկը եղել է այն, որ երկու ապրանքանիշերի պաշտոնական գրության մեջ տարբեր տառատեսակներ էր կիրառված, ինչը, ըստ ընկերության, դրանց միջև տեսողական տարբերություններ է ստեղծում։ Սակայն իր ճշմարտացիությունն ապացուցելու Apple-ի բոլոր փաստարկները որևէ արդյունք չեն տվել։

Առաջին դեպքը չէ

Apple-ն արդեն բախվել է Ռուսաստանում իր ապրանքանիշը գրանցելու խնդիրների հետ։ Ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել 2012 թ․ նոյեմբերին, երբ ընկերությանը մերժել են գրանցել «iPad» ապրանքանիշը։

Այդ ժամանակ ընկերությունը մերժում էր ստացել Արտոնագրային վեճերի պալատից։ Ընդորում, մերժվել էր ոչ թե «iPad» ապրանքանիշը Ռուսաստանում գրանցելու Apple-ի դիմումը, այլ ընկերության բողոքը «Ռոսպատենտ»-ի դեմ, որը հրաժարվել էր Ռուսաստանում գրանցել «iPad» ապրանքանիշը։

Այդպիսով, դա Apple-ի երկրորդ փորձն էր պաշտպանելու իր ապրանքանիշը, որն ավարտվել էր անհաջողությամբ։ Իսկ ամեն ինչ սկսվել էր 2010 թ․, երբ Apple-ն իր առաջին դիմումն էր ներկայացրել «Ռոսպատենտն»-ին, որպեսզի «iPad» ապրանքանիշը գրանցի Ռուսաստանում 9-րդ դասի ապրանքների կատեգորիայում։

2019 թ. Apple-ը կրկին նման իրավիճակում է հայտնվել, երբ «Ռոսպատենտ»-ը ընկերությանը մերժել է Ռուսաստանում իր լրացված իրականության (AR) տեխնոլոգիայի ապրանքանիշը գրանցելու դիմումը։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ