Եվս մեկ քայլ դեպի Մարս. SpaceX-ը փորձարկել է Super Heavy հրթիռի 11 շարժիչները

30 նոյեմբերի, 2022  10:21

Ընդամենը երկու-երեք տարի հետո SpaceX ընկերության կողմից մշակվող Starship տիեզերանավը տիեզերագնացներին կտեղափոխի Լուսին, իսկ ապագայում կթռնի դեպի Մարս։ Այժմ ընկերությունը տիեզերանավը պատրաստում է թռիչքների և փորձարկում այն։ Մերձերկրյա ուղեծրով փորձնական թռիչքի նախապատրաստական աշխատանքների շրջանակում SpaceX-ը փորձարկել է Super Heavy (Booster 7 տարբերակ) հրթիռի առաջին աստիճանի 11 շարժիչները։ Փորձարկումը տևել է 13 վայրկյան՝ շարժիչների ստատիկ աշխատանքի պայմաններում։

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկն այս մասին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա  տարածել է SpaceX-ի էջում տեղադրված տեսանյութը և գրել, որ սա «ևս մեկ քայլ է դեպի Մարս»։

Raptor 2 տեսակի 33 շարժիչներից 11-ի փորձարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին Տեխասում, և այն տևել է, ինչպես արդեն նշվեց, 13 վայրկյան: Փորձարկված շարժիչների քանակով այս փորձարկումը նոր ռեկորդ չի սահմանել, քանի որ նոյեմբերի 14-ին ընկերությունը փորձարկել էր 14 շարժիչ։ Այնուամենայնիվ, ընթացիկ թեստը համարվում է ամենաերկարը: Եվ ամենակարեւորն այն է, որ այն անցել է առանց պայթյունների ու այլ խնդիրների։

Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, մոտ ապագայում, ևս մի քանի ստատիկ փորձարկումներից հետո, կկատարվի Starship-ի պատմության մեջ առաջին ուղեծրային թռիչքը։ Ինչպես հայտնում է Space.com-ը, ակնկալվում է, որ դրանց կմասնակցեն և՛ Booster 7-ը, և՛ Ship 24-ը՝ Starship-ի երկրորդ աստիճանի շարժիչի 50 մետրանոց նախատիպը։ Բոլոր վեց Ship 24 շարժիչներն արդեն փորձարկվել են սեպտեմբերի 8-ին ստատիկ փորձարկման ժամանակ։

Եթե ​​ուղեծրային թռիչքը հաջող ընթանա, ապա Starship-ն իր առաջին Super Heavy շարժիչներով պաշտոնապես կհամարվի աշխարհի ամենահզոր հրթիռը։ Առայժմ այդ տիտղոսը պատկանում է NASA-ի Space Launch System (SLS) հրթիռին, որն օգտագործվել է Artemis 1 լուսնային առաքելության ժամանակ։ SLS-ն օգտագործում է միմյանց միացված և պինդ վառելիքով աշխատող հիմնական աստիճանի երկու հրթիռային ուժեղացուցիչների համադրություն և բաղկացած է չորս վերապրոֆիլավորված RS-25 շարժիչներից, որոնք արտադրում են 8,8 մլն ֆունտ մղման ուժ, որպեսզի հրթիռը կարողանա Orion տիեզերանավը տիեզերք բարձրացնի: Super Heavy-ին արդեն Raptor 2 տիպի 33 շարժիչներով կկարողանա արտադրել 17 միլիոն ֆունտ մղում, որը գրեթե կրկնակի ավել է SLS-ի ցուցանիշից: Իսկ Starship-ը, որն ունի Raptor 2 տիպի վեց շարժիչ, կկարողանա ավելի քան 990,000 կիլոգրամ բեռ տեղափոխել Երկրի ցածր ուղեծիր:

Ակնկալվում է, որ հենց Starship-ը կմասնակցի Artemis-ի հաջորդ առաքելություններին. դեռ անցած տարի է NASA-ն որոշել, որ 2025 թ․ Լուսնի վրա մարդկանց վայրէջքով առաջին առաքելությունն իրականացնելու համար պետք է կիրառվի Starship-ը: Ավելին, գործակալությունը որոշել է SpaceX-ին վստահել նաև Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքով երկրորդ առաքելությունը, որը նախատեսված է 2027 թ․։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ