MIT-ի ուսանողները, օգտվելով ETH բլոկչեյնի խոցելիությունից, 12 վայրկյանում $25 մլն են գողացել

17 մայիսի, 2024  15:08

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) երկու ուսանող 12 վայրկյանում 25 միլիոն դոլար գողացել են՝ օգտվելով Ethereum բլոկչեյնի խոցելիությունից։ Նրանց սպառնում է մինչև 60 տարվա ազատազրկում։

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ MIT-ի ուսանող Անտոն և Ջեյմս Պեր-Բուենո եղբայրները մշակել են բարդ սխեմա, որով մուտք են գործել հաստատմանն սպասող գործարքներ, գողացել այդ միջոցները և դրանք ուղարկել իրենց հաշիվներին: Նրան օգտվել են Ethereum բլոկչեյնի խոցելիությունից, որն առկա է գործարքն իրականացնելուց հետո առաջին պահերին:

Ethereum-ում իրականացված գործարքները կառուցվում են բլոկում, ստուգվում են վավերացնողի կողմից և այնուհետև ավելացվում են բլոկչեյնին, որը գործում է որպես ապակենտրոնացված ռեեստր, որը հետագծում է կրիպտոակտիվները: Եղբայրները միջամտել են հենց այս գործընթացին՝ ստեղծելով Ethereum վավերացնողների կեղծ շարք:

Դա անելու համար, պնդում են դատախազները, նրանք օգտագործել են «խայծային գործարքներ»՝ ներգրավելու առևտրային բոտերին, որոնք սովորաբար օգտագործվում են ավտոմատացված առևտրի համար: Երբ բոտերը կուլ են տվել խայծը, կեղծ վավերացնողները, նախքան բլոկը բլոկչեյնին ավելացնելը, փոփոխել են գործարքները՝ բլոկը վերադասավորելով հօգուտ չարագործների: Արդարադատության նախարարության դատախազ Դամիան Ուիլյամսն ասել է, որ սխեման այնքան բարդ է, որ «կասկածի տակ է դնում բլոկչեյնի ամբողջականությունը»:

Եղբայրների առցանց որոնման պատմությունը ցույց է տվել, որ նրանք բծախնդրորեն են մոտեցել իրենց սխեմայի իրագործմանը և «բազմաթիվ քայլեր են ձեռնարկել՝ թաքցնելու իրենց ապօրինի ձեռքբերումները»։ Այս քայլերը ներառում են «կեղծ ընկերությունների ստեղծումը, բազմաթիվ մասնավոր կրիպտոարժույթների հասցեների և արտասահմանյան կրիպտոբորսաների օգտագործումը»:

Նրանք մեղադրվում են էլեկտրոնային միջոցներով խարդախության, փողերի լվացման մեջ։ Նրանց սպառնում է մինչև 60 տարվա ազատազրկում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ