Չինաստանը մտադիր է կառուցել աշխարհում ամենամեծ արևային էլեկտրակայանը

4 հուլիսի, 2024  18:07

China Three Gorges Renewables Group ընկերությունը հայտարարել է իր արդյունավետությամբ եզակի՝ 8 ԳՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան կառուցելու ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է Electrek-ը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 11 միլիարդ դոլար։ Արևային էլեկտրակայանն էներգիայով կապահովի Պեկին-Տյանցզին-Հեբեյ շրջանը: Շինարարությունը պետք է սկսվի այս տարվա սեպտեմբերին և ավարտվի 2027-ին։

Համեմատության համար նշենք, որ աշխարհի երեք ամենամեծ արևային էլեկտրակայաններն ունեն մոտ 3 ԳՎտ հզորություն, բոլորն էլ գտնվում են Չինաստանում: Նոր արևային էլեկտրակայանը կկառուցվի Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա շրջանում և էլեկտրաէներգիան կփոխանցի գերբարձր լարման գծերի միջոցով։

Բացի 8 ԳՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանից, նախագիծը ներառում է 4 ԳՎտ հզորությամբ հողմակայանի, 5 ԳՎտ հզորությամբ բուֆերային պահեստի, 200 ՄՎտ հզորությամբ արևային ջերմային էներգիայի հավաքման համալիրի և 4 ԳՎտ ածխով աշխատող էլեկտրակայանի կառուցում։ Գործարանը կշահագործեն China Three Gorges Renewables-ը (56% մասնաբաժին) և Inner Mongolia Energy Group-ը (44%): 


 
 
 
 
  • Արխիվ