ՀՀ ԳԱԱ-ում քննարկվել են երիտասարդ գիտնականների արդի խնդիրները, գիտության զարգացման հեռանկարները

3 հուլիսի, 2024  16:45

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հուլիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման ընդլայնված նիստը, որին մասնակցել են երիտասարդ գիտաշխատողներ ՀՀ գիտական տարբեր ինստիտուտներից և կենտրոններից։ Քննարկվեցին երիտասարդ գիտնականների արդի խնդիրները, գիտության զարգացման հեռանկարները, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է միավորել ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները և ԲՈՒՀ-երը։ Երիտասարդ գիտնականները նշել են, որ ծրագրի վերաբերյալ լիարժեք տեղեկացված չեն, ուստի հրատապ են համարում հանդիպել անմիջապես ծրագրի պատասխանատուների հետ՝ քննարկելու ծրագիրը։

Քննարկման մասնակիցները նշել են գիտական առողջ սերնդափոխության, գիտական համայնքի զարգացման գործընթացում բարեփոխումների անհրաժեշտության մասին:

Կարևորվել է միջգիտակարգային և միջազգային համագործակցությունը՝ որպես գիտության զարգացման հեռանկար։ Նաև կարևորվել է գիտահանրամատչելի միջոցառումների անցկացումը կրթական տարբեր հաստատությունների ներգրավմամբ։

Նիստը վարել են ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների միավորման փոքր խորհրդի անդամ Բաբկեն Հովհաննիսյանը։ 

 03.jpg (407 KB)
01.jpg (365 KB)


 
 
 
 
  • Արխիվ