Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել հեռախոսի լիցքավորման հետ և ինչպե՞ս լուծել դրանք

27 հունիսի, 2024  16:15

Սմարթֆոնը ճիշտ չլիցքավորելու ամենատարածված պատճառը սնուցման կամ մալուխի անսարքությունն է: Այս և հեռախոսի լիցքավորման հետ կապված այլ ընդհանուր խնդիրների, ինչպես նաև դրանց լուծումների մասին Газета.Ru-ին պատմել է МТС-ի մանրածախ ցանցի հեռախոսային բաժնի ղեկավար Նատալյա Գոլիցինան։

«Լիցքավորիչի [անսարք լինելու] վարկածն ստուգելու համար միացրե՛ք ձեր սմարթֆոնը էներգիայի այլ աղբյուրի: Եթե ​​դա չի օգնում, ապա փորձե՛ք միացնել սմարթֆոնը ձեր համակարգչին կամ նոութբուքին USB միակցիչի միջոցով: Խորհուրդ է տրվում օգտագործել միայն օրիգինալ արտադրության լարեր»,- ասել է Գոլիցինան։

Նրա խոսքով՝ փոշու պատճառով լիցքավորման միակցիչի խցանումը նույնպես կարող է հանգեցնել լիցքավորման խնդիրների: Այս դեպքում պետք է միակցիչը զգուշորեն մաքրել փափուկ խոզանակով և խուսափել միակցիչի ներսի հատվածը խոնավության ներթափանցումից։

«Երբեմն սմարթֆոնները դադարում են լիցքավորվել ծրագրային ապահովման սխալների կամ անսարքությունների պատճառով: Թարմացրե՛ք ձեր սմարթֆոնի ծրագրաշարը ամենաթարմ տարբերակով և կարգավորումները բերեք գործարանային վիճակի: Միևնույն ժամանակ մի՛ մոռացեք պատճենել ձեր տվյալները»,- հավելել է Գոլիցինան։

Սմարթֆոնը կարող է չլիցքավորվել նաև մարտկոցի անսարքության հետևանքով։ Այս տարբերակը ստուգելու համար անհրաժեշտ է վերագործարկել սարքը և ստուգել մարտկոցի կարգավիճակը կարգավորումներում: Եթե ​​մարտկոցը մաշված է կամ վնասված, այն պետք է փոխարինել նորով։

Շոգ սեզոնին հեռախոսները կարող են տուժել ջերմաստիճանի փոփոխություններից, ինչը ևս կարող է հանգեցնել լիցքավորման խնդիրների։ Այս դեպքում պետք է թույլ տալ, որ սմարթֆոնը մի փոքր սառի ստվերում կամ գրպանում։ Ապա կարելի է այն հանգիստ լիցքավորել։

Եթե ​​վերը նշված բոլոր մեթոդները չեն օգնում, ապա հնարավոր է, որ ձեր սմարթֆոնը ներքին բաղադրիչների հետ կապված լուրջ խնդիր ունի, ինչպիսիք են լիցքավորման միակցիչը կամ հոսանքի կարգավորիչը: Այս դեպքում ախտորոշման և վերանորոգման համար խորհուրդ է տրվում դիմել պրոֆեսիոնալ սպասարկման կենտրոն:


 
 
 
 
  • Արխիվ