Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնում լրտեսող ծրագրեր կան

27 հունիսի, 2024  22:26

Եթե ​​սմարթֆոնն ինքնուրույն գործողություններ է անում, օրինակ՝ ինքն իրեն միանում է, բացում հավելվածները և այլն, ապա դա կարող է վկայել այն մասին, որ ձեր սարքում գուցե լրտեսող ծրագրեր կան և սարքն արտաքին միջամտության ազդեցության տակ է, այս մասին ասել է ՌԴ «Ռոսկաչեստվո» ծառայության թվային փորձաքննության կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուզմենկոն։

Բացի դրանից՝ նման միջամտության նշաններից կարող է լինել այն, որ նվազել է ինտերնետի արագությունը, սարքն սկսում է տաքանալ, կամ գործողությունները, որոնք չեն արտացոլում օգտատիրոջ կողմից ռեալ ակտիվությունը։ Օրինակ՝ սմարթֆոնի պատկերասրահում կարող են հայտնվել էկրանակադրեր կամ տեսանյութեր, որոնք օգտատերը չի արել:

«Խուճապի մատնվելու կարիք չկա, եթե ձեր սմարթֆոնում հայտնաբերեք թվարկված ախտանիշներից մի քանիսը։ Դրանք կարող են առաջանալ այլ պատճառներով։ Այնուամենայնիվ, ձեր իսկ հանգստության համար արժե դիմել մասնագետի և ստուգել, թե արդյոք ձեր սարքում լրտեսող ծրագրեր կան: Եթե ​​ունեք որոշակի հմտություններ և փորձ, կարող եք դա անել ինքներդ»,- ասել է Սերգեյ Կուզմենկոն:

MegaFon-ի շարժական սարքավորումների գծով ավագ մենեջեր Արինա Ֆիլիպովան ավելի վաղ Gazeta.Ru-ին ասել էր, որ ամռանը բջջային հեռախոսի հիմնական թշնամիներն են արևի ուղիղ ճառագայթներն ու շոգը։ Էկրանը, մարտկոցը և պրոցեսորը չեն հանդուրժում 35 աստիճանից բարձր ջերմաստիճան, ուստի կարևոր է հեռախոսը չթողնել արևի ուղիղ ճառագայթների տակ։


 
 
 
 
  • Արխիվ