iPhone 15-ն ավելի կարճ ժամանակ թարմացումներ կստանա, քան Samsung-ի, Google-ի ֆլագմանները

6 հունիսի, 2024  16:23

Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ iPhone 15-ը թարմացումներ կստանա վաճառքի մեկնարկից հետո առնվազն հինգ տարի, ինչը ավելի կարճ ժամանակահատված է, քան Samsung-ը և Google-ն են առաջարկում իրենց սմարթֆոններին, այս մասին տեղեկացնում է Android Authority կայքը։

Apple-ը նախկինում երբեք չի նշել, թե որքան ժամանակ աջակցություն կտարամադրի իր սարքերին։ Ընկերությունը, սակայն, այժմ սահմանել է iPhone-ների աջակցության նվազագույն ժամկետ՝ հինգ տարի, որն ավելի կարճ ժամանակահատված է, քան մյուս արտադրողների դեպքում:

Օրինակ՝ Samsung-ի և Google-ի ամենավերջին սարքերին տրամադրվում է մինչև յոթ տարվա երաշխավորված աջակցություն, ներառյալ՝ անվտանգության շտկումները և Android-ի նոր տարբերակները: Այդուհանդերձ, Android սմարթֆոնների ճնշող մեծամասնությունը թարմացումների աջակցություն ստանում է միջինը երկու-երեք տարի ժամանակով:

iPhone-ի պատմության ընթացքում Apple-ը որոշ մոդելների համար թարմացումներ է թողարկել նույնիսկ վեց տարի կամ ավելի շատ: Հետևաբար, հնարավոր է, որ որոշ սարքեր շարունակեն թարմացումներ ստանալ աջակցության նվազագույն ժամկետի ավարտից հետո ևս:

Ընդորում՝ կոնկրետ Միացյալ Թագավորությունում ընկերությունն ստիպված կլինի նման աջակցություն ապահովել, քանի որ այնտեղ ուժի մեջ է մտել արտադրանքի անվտանգության և հեռահաղորդակցության ենթակառուցվածքի (PSTI) մասին օրենք։ Այն պահանջում է, որ համացանցին հասանելիություն ունեցող սարքեր արտադրող, ներմուծող կամ բաշխող ընկերությունները հետևեն անվտանգության որոշակի պահանջների: Այդ կանոններից մեկն այն է, որ նշվի աջակցության ժամանակահատվածը, որի ընթացքում կտրամադրվեն անվտանգության թարմացումներ:


 
 
 
 
  • Արխիվ