Զանգվածային խափանման պատճառով չեն աշխատում Microsoft-ի հանրահայտ ծառայությունները

23 մայիսի, 2024  16:35

Տարբեր երկրների օգտատերեր հայտնում են Microsoft Bing որոնման համակարգի և արհեստական բանականությամբ աշխատող GPT-4-ի վրա հիմնված Copilot-ի հետ կապված խնդիրների մասին: Downdetector.com ծառայության տվյալների համաձայն՝ առաջին խափանումները գրանցվել են մի քանի ժամ առաջ։

Bing.com այցելել փորձող որոշ օգտատերերի որոնման տողում ցուցադրվում է սխալ կամ մոխրագույն վեբ էջ, իսկ մյուսներին՝ հաղորդագրություն, որ «Bing-ը անհասանելի է, բայց ամեն ինչ պետք է շուտով վերադառնա իր բնականոն հունին»:

Բացի դրանից՝ խնդիրներ են արձանագրվել նաև DuckDuckGo որոնման համակարգի հետ կապված։ Ըստ Downdetector-ի՝ տարբեր երկրներից հազարավոր օգտատերեր հայտնել են այս ծառայության հետ կապված խնդիրների մասին:

Նյութը թողարկելու պահին Microsoft-ը չէր մեկնաբանել իր ծառայությունների աշխատանքի հետ կապված խնդրի պատճառները, իսկ թե երբ դրանք կվերականգնվեն, հայտնի չէ։

Microsoft-ն ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնի Ռեդմոնդ քաղաքում։ Microsoft-ի ամենահայտնի ծրագրային արտադրանքներն են Windows օպերացիոն համակարգերի շարքը, գրասենյակային հավելվածների Microsoft 365 փաթեթը և Edge վեբ բրաուզերը:


 
 
 
 
  • Արխիվ