ԵՄ-ն ընդունել է ԱԲ ոլորտը կարգավորող աշխարհում առաջին օրենքը

22 մայիսի, 2024  13:31

Եվրամիությունը վերջնական համաձայնության է եկել արհեստական ​​բանականության (ԱԲ) կիրառումը կարգավորող աշխարհում առաջին օրենքի շուրջ։ Փաստաթուղթը սահմանում է «համապարփակ կանոններ» ԱԲ տեխնոլոգիաների համար և հիմնված է ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներում, բժշկական սարքերում, ֆինանսական ծառայություններում և կրթական ոլորտում դրանց օգտագործման ռիսկերի գնահատման վրա:

Օրենքը նորարարական է և սահմանում է ԱԲ-ի կարգավորման հարցում կիրառվող մոտեցումը: Մասնավորապես, իսպառ արգելվելու է այսպես կոչված «սոցիալական վարկանիշային» համակարգերի կիրառումը, որոնք դասակարգում են քաղաքացիներին տվյալների վերլուծության հիման վրա։ Արգելվում է նաև ոստիկանության կարիքների համար կանխատեսող մոդելավորման և աշխատավայրերում, դպրոցներում մարդկանց հուզական ճանաչման նպատակով դրա օգտագործումը, հաղորդում է CNBC-ն։

Բարձր ռիսկային ԱԲ համակարգերը, ինչպիսիք են ինքնակառավարվող ավտոմեքենաները, բժշկական սարքերը, ֆինանսական ծառայությունները և կրթական ծառայությունները, կգնահատվեն քաղաքացիների առողջությանը, անվտանգությանը և իրավունքներին սպառնացող վտանգների համատեքստում: Բացի դրանից՝ օրենքը խիստ սահմանափակումներ է մտցնում գեներատիվ ԱԲ համակարգերի համար, որոնց շարքին է դասվում, օրինակ՝ ChatGPT-ն: Դրանց համար սահմանվում է պահանջ՝ հետևել հեղինակային իրավունքի մասին օրենքներին համապատասխանությանը, բացահայտել մոդելների ուսուցման մասին տեղեկությունները և անցկացնել կիբեռանվտանգության կանոնավոր թեստավորում։

ԵՄ օրենսդրության փոփոխությունը տեղի է ունենում 2022-ի նոյեմբերին OpenAI ընկերության կողմից ChatGPT չատբոտի գործարկումից հետո: Այդ ժամանակ պաշտոնյաները հասկացան, որ գործող օրենսդրությունը չի պարունակում դրույթներ, որոնք կարևոր են գեներատիվ ԱԲ-ի կողմից հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի օգտագործումը կարգավորելու համար:

Օրենքն ամբողջությամբ չի գործի առնվազն 12 ամիս, և գոյություն ունեցող համակարգերին, ինչպիսիք են ChatGPT-ը, Gemini-ն և Copilot-ը, որպես անցումային շրջան կտրվի 36 ամիս ժամանակ, որպեսզի համապատասխանեն նոր նորմերին: «Արհեստական բանականության մասին օրենքի ընդունումը կարևոր հանգրվան է Եվրամիության համար»,- ասել է թվայնացման հարցերով Բելգիայի պետքարտուղար Մատյո Միշելը:

Օրենքը խախտելու համար ընկերությունները կտուգանվեն մինչև 35 մլն եվրո կամ տարեկան հասույթի 7%-ի չափով։ Սա առաջին հերթին կվերաբերի ամերիկյան տեխնոլոգիական հսկաներին, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը և OpenAI-ը: «Հիմա ուշադրությունը պետք է ուղղվի արհեստական բանականության օրենսդրության արդյունավետ իրականացմանն ու կիրարկմանը»,- ասել է ԵՄ սպառողների և մանրածախ առևտրի համաշխարհային խմբի ղեկավար Դեսիսլավա Սավովան:

Այս օրենսդրության հիմնական նպատակն է ԱԲ տեխնոլոգիաների կիրառման հարցում ապահովել վստահություն, թափանցիկություն և հաշվետվողականություն՝ առանց խոչընդոտներ ստեղծելու նորարարության համար։

Նշենք, որ արհեստական բանակության իրենց մոդելների ուսուցանման համար հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակությունն առանց հեղինակների թույլտվության օգտագործելու համար մի ամերիկյան մի շարք խոշոր թերթեր արդեն դատի են տվել OpenAI և Microsoft ընկերություններին։ Նորությունների հրատարակիչները մտահոգված են, որ չատբոտերը և ԱԲ որոնման համակարգերը, ինչպիսիք են ChatGPT-ն և Google-ը, կարող են թուլացնել իրենց բիզնես մոդելները, ինչը կհանգեցնի աշխատակիցների հետագա կրճատումների և սնանկացման՝ արդեն իսկ տուժած այս ոլորտում:


 
 
 
 
  • Արխիվ