Apple-ը ներկայացրել է Apple Intelligence-ը․ ի՞նչ նոր հնարավորություններ է այն առաջարկում

11 հունիսի, 2024  12:05

Apple-ը երեկ տեղի ունեցած WWDC 2024 միջոցառման ժամանակ ներկայացրել է Apple Intelligence-ը՝ արհեստական ​​բանականությամբ (ԱԲ) աշխատող գործառույթների նոր փաթեթ ընկերության iPhone-ի, Mac-ի և այլ սարքերի համար:

Ընկերությունը նշում է, որ իր ԱԲ գործառույթները կկարողանան ամեն ինչ անել օգտատիրոջ համար հավելվածներում: ԱԲ-ն կկարողանա կառավարել ծանուցումները, ավտոմատ կերպով գրել կամ ամփոփել տեքստը էլփոստում և այլ հավելվածներում: Ընկերությունը նաև ասում է, որ ԱԲ-ը կկարողանա կապվել մի հավելվածի հետ՝ մյուսում գործողություն կատարելու համար, օրինակ՝ խնդրելով ձեր iPhone-ին նվագարկել ընկերոջ ուղարկած փոդքաստը:

Ընկերությունը նշել է, որ ԱԲ-ի գործառույթները կիրականացվեն լոկալ սարքում՝ տեղեկատվությունը գաղտնի պահելու համար: Սակայն դրա համար հարկավոր կլինի ունենալ A17 Pro չիպով կամ M1, M2, M3 կամ M4 սերիայի պրոցեսորով աշխատող սարք: Սմարթֆոններից ԱԲ-ը լոկալ մակարդակում կաշխատի միայն iPhone 15 Pro-ի և Pro Max-ի վրա: M սերիայի չիպերն օգտագործվում են բոլոր ժամանակակից Mac համակարգիչներում, ինչպես նաև iPad-ների մեծ մասում:

Apple-ն ասել է, որ սակայն ԱԲ ոչ բոլոր գործառույթները կարող են իրականացվել հենց սարքերի վրա, ուստի անհրաժեշտության դեպքում ԱԲ-ը կդիմիր ամպային ծառայության օգնությանը: Հարցումներն ու տվյալները կուղարկվեն, այսպես կոչված, «մասնավոր ամպ», և այդ տվյալները երբեք չեն պահվի սերվերներում, իսկ Apple-ը երբեք չի կարողանա հասանելիություն ունենալ դրանց: Ընկերությունը նշել է, որ անկախ փորձագետները կստուգեն Apple-ի հայտարարությունների իսկությունը։

Բարելավված Siri

Ըստ Apple-ի՝ iOS 18-ում օգտատերերը կկարողանան Siri ձայնային օգնականի հետ շատ ավելի բնական խոսել, ինչպես իրական մարդու հետ: Apple-ը նաև թույլ կտա Siri-ի հետ շփվել ոչ միայն ձայնով, այլև տեքստով՝ ձեռքով մուտքագրելով այն, ինչը չափազանց օգտակար կլինի որոշ իրավիճակներում։ Բացի դրանից՝ Siri-ն կկարողանա օգտատիրոջ անունից կատարել ավելի շատ գործողություններ։ Օրինակ՝ այն կստեղծի տեքստային հաղորդագրություններ ուղարկելու ժամանակացույց և ձեր բառերի համատեքստից կհասկանա, թե որ հավելվածներն եք խնդրում նրան օգտագործել:

Ամենահետաքրքիրը, թերևս, այն է, որ Siri-ն կկարողանա հավելվածներում գործողություններ կատարել օգտատիրոջ փոխարեն, ընդորում՝ ոչ միայն հենց Apple-ի, այլ նաև երրորդ կողմի մշակողների հավելվածներում: Միջոցառման ժամանակ Apple-ը ցուցադրել է, թե ինչպես է օգտատերը Siri-ին խնդրում խմբագրել պատկերը Photos հավելվածում, իսկ ինքը հետևում է այդ գործողությանը։

Ավելին, Siri-ն կհասկանա, թե ինչ է կատարվում էկրանին։ Օրինակ՝ եթե ինչ-որ կայքում լրացնում եք ձևաթուղթ, որը պահանջում է ձեր վարորդական իրավունքի համարը, Siri-ն կարող է ավտոմատ կերպով գտնել ձեր ID-ի լուսանկարը և ստանալ համապատասխան համարը՝ ձեր անունից դաշտը լրացնելու համար:

Տեքստ ֏ սղագրություն

ԱԲ-ը կօգնի նաև տեքստեր գրելիս: Apple-ն ավելացրել է նամակներ գրելու և մեծ տեքստերը կոնսպեկտելու գործառույթը։ Mail-ում հաղորդագրություն մուտքագրելիս կարող եք խնդրել Siri-ին ավարտել այն ձեր փոխարեն կամ փոխել ձեր տեքստի տոնայնությունը: Ընկերությունն ասում է, որ նմանատիպ հնարավորություններ հասանելի են ամբողջ համակարգում՝ անկախ նրանից, թե որտեղ եք մուտքագրում:

Voice Memos հավելվածը կաջակցի խոսքից տեքստ սղագրմանը, իսկ Phone հավելվածն այժմ կարող է ձայնագրել զանգերը և ավտոմատ կերպով սղագրել դրանք: Այս դեպքում զրուցակցին կտեղեկացվի, որ նրա ելույթը ձայնագրվում է։

Apple-ը նաև ներկայացրել է Genmoji-ն՝ գործառույթ, որն արագ էմոջիների նման արձագանքներ կգեներացնի: Սա օգտակար կլինի, երբ մարդը չի կարողանում գտնել անհրաժեշտ էմոջիները. այն կստեղծի ԱԲ-ը: iOS 18-ը կունենա AI պատկերների գեներատոր, որը կոչվում է Image Playground: Ըստ Apple-ի՝ գործառույթն աշխատում է բազմաթիվ հավելվածներում, սակայն այն նաև ունի իր սեփական հավելվածը, որը կոչվում է Image Playground: Երրորդ կողմի հավելվածների մշակողները ևս հասանելիություն կունենան API-ին՝ իրենց արտադրանքներում Image Playground ներառելու համար:

Այլ գործառույթներ

Բացի դրանից՝ Apple-ը ԱԲ-ը կներդնի Photos հավելվածում: iPhone-ի օգտատերերն արդեն կարող են գրադարանում որոնել լուսանկարներում կոնկրետ առարկաներ, սակայն Apple-ն ասում է, որ ապագայում կբարելավի այս գործառույթը: Ավելացվել են նաև լուսանկարների խելացի խմբագրման գործառույթներ, օրինակ՝ մարդուն լուսանկարից ջնջելու հնարավորությունը՝ Google-ի Magic Eraser-ի նման:

Շնորհանդեսի ժամանակ նաև հայտարարվեց, որ ChatGPT-4o-ն «այս տարվա վերջին» կհայտնվի iOS, macOS և iPadOS-ում՝ որպես չաթբոտ, որին Siri-ն կարող է դիմել, երբ չկարողանա ինքնուրույն կատարել տրված առաջադրանքը։ Այս դեպքում սարքը նախ կխնդրի օգտատիրոջ թույլտվությունը:

Apple Intelligence-ը բետա տարբերակով կթողարկվի այս աշնանը iOS 18-ի, iPadOS 18-ի և macOS Sequoia-ի համար: Ակզբում AI գործառույթները կաշխատեն միայն ԱՄՆ-ում և հասանելի կլինեն միայն անգլերենով։ Ապագայում Apple-ը կավելացնի աջակցություն այլ լեզուների համար և կընդլայնի ծառայության աշխարհագրությունը, սակայն երբ կգա այս ապագան, չի նշվում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ