Հայկական «ArmSat-1» արբանյակը սեպտեմբերի 14-ին ՀՀ արևելյան սահմանագծից կադրեր է արել, դրանք կիրառվում են խաղաղ նպատակներով. ԲՏԱ փոխնախարար

18 նոյեմբերի, 2022  15:41

Տիեզերք ուղարկված «ArmSat–1» հայկական արբանյակը սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածից լուսանկարներ է արել։ Այս մասին հայկական առաջին արբանյակի աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական արբանյակը օգտակար է եղել Հայաստանի զինված ուժերին ռազմական գործողությունների ժամանակ, եւ երբ է օգտակար ծառայություններ մատուցելու այդ առումով:

«Վերջին շրջանում ստացված տեղեկություններով՝ երկրագնդի տարբեր կետերից նկարներ կան ստացված: Օրինակ՝ կան նկարներ նաեւ Հայաստանի արեւելյան սահմանագծին մոտ գտնվող, որոնք արվել են սեպտեմբերի 14-ին: Դուք ստացաք ձեր հարցի պատասխանը»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ Հայաստանի տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ։

«Հայաստանի տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, եւ արբանյակից ստացված տվյալները կիրառվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում անվտանգային նկատառումներով, մոնիտորինգ իրականացնելու համար»,- ասաց Պողոսյանը։

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ իրենց պլաններում ոչինչ չի փոխվել։ «Այն ոլորտները, որոնք հայտարարվել էին, որ արբանյակը կիրառվելու է, բոլորն իրատեսական են: Մենք տրամադրում ենք գործիք, եւ մեր գործընկերները, իմանալով կարողությունները, հզորությունները, կարող են օգտագործել ամեն մեկն իր խնդիրները լուծելու համար: Արդեն որոշակի տվյալներ, նկարներ ստանում ենք եւ ամեն մեկն իր կիրառումը կգտնի»,- ասաց նա:

Հայաստանի առաջին արբանյակ «ArmSat-1»-ը տիեզերք է արձակել 2022 թ․ մայիսի 25-ին՝ ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ «SpaceX» ընկերության տիեզերանավով: Արբանյակի արձակումը տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունների համագործակցության շրջանակում։

«ArmSat-1» արբանյակը գործելու է չորս տարի։ «ArmSat-1»-ի հաղորդած տեղեկություններն օգտագործվելու են սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում:

Արբանյակն ի սկզբանե կոչվել է «Urdaneta», սակայն որոշ ժամանակ անց՝ 2022 թ․ հունիսին վերանվանվել է «ArmSat-1»։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ