Հաջողությամբ մեկնարկել է NASA-ի Artemis 1 լուսնային անօդաչու առաքելությունը. 2025 և 2027 թթ․ SpaceX-ը տիեզերագնացներին կիջեցնի Լուսնի վրա

16 նոյեմբերի, 2022  13:27

Հաջողությամբ մեկնարկել է NASA-ի Artemis 1 լուսնային անօդաչու առաքելությունը․ Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերական կենտրոնից այսօր՝ Երևանի ժամանակով 10:04-ին (1:04 EST, 06:04 GMT), SLS գերծանր հրթիռի միջոցով տիեզերք է արձակվել Orion տիեզերանավը: Առաքելության շրջանակում հրթիռը պետք է Լուսնի ուղեծիր հասցնի անձնակազմի համար նախատեսված դատարկ պարկուճը և երեք շաբաթից պետք է վերադառնա և վայրէջք կատարի Խաղաղ օվկիանոսում։

Ստորև կարող եք դիտել հրթիռի արձակման առցանց հեռարձակումը.

Այս առաքելությունը կարելի է համարել նախապատրաստում դեպի Լուսին առաջին օդաչուավոր թռիչքների համար, որոնք ինչպես ակնկալվում է, կանցկացվեն արդեն 2025 թ։

Դեռ անցած տարի է NASA-ն ընտրել է SpaceX ընկերության Starship տիեզերանավը, որպեսզի իրականացնի Լուսնի վրա անձնակազմի վայրէջքով իր առաջին առաքելությունը: Ըստ պլանի՝ 2025 թ․ Artemis III առաքելության շրջանակում տիեզերանավը անձնակազմով պետք է վայրէջք կատարի Լուսնի հարավային բևեռի շրջանում։

Ինչպես տեղեկացնում է space.com-ը, այս տարվա սեպտեմբերին NASA-ն հայտարարեց, որ առաջարկներ է ընդունում նաև այլ ընկերություններից, որոնք ցանկանում են անձնակազմի վայրէջքի մոդուլներ տրամադրել Artemis առաքելությունների համար։ Սակայն վերջերս պարզվեց, որ NASA-ն որոշել է SpaceX-ին վստահել նաև Լուսնի վրա երկրորդ վայրէջքը, որը նախատեսված է 2027 թ․:

Այս լուրը շատ էր ուրախացրել SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկին։

«Շատ շնորհակալ եմ, SpaceX-ը հուսախաբ չի անի NASA-ին»,- թվիթերյան իր էջում գրել էր միլիարդատեր ձեռներեցն ու Twitter-ի նոր սեփականատերը։

NASA-ի Ջորջ Մարշալի անվան Տիեզերական թռիչքների կենտրոնի (գտնվում է Հանթսվիլ քաղաքում, Ալաբամա) Human Landing System ծրագրի ղեկավար Լիզա Ուոթսոն-Մորգանն ասել է, որ ««պլան Բ»-ի շրջանակում մեր շարունակական համագործակցությունը SpaceX-ի հետ նպաստում է մեր կայուն պլաններին՝ Artemis ծրագրի շրջանակում կանոնավոր կերպով անձնակազմեր դեպի Լուսին տեղափոխելու և երկարաժամկետ հիմունքներով մարդու ներկայությունը լուսնի մակերեսին հաստատելու համար»։

Դեպի Լուսին և Մարս թռիչքների համար նախատեսված Starship տիեզերանավը դեռ մշակման փուլում է։ Դեկտեմբերին SpaceX-ը նաև նախատեսում է կատարել այս տարվա կարևորագույն արձակումներից մեկը և փորձարկել Starship համակարգը. ցուցադրական թռիչքի ժամանակ 70 մետրանոց Super Heavy հրթիռակիրը պետք է 50 մետրանոց Starship տիեզերանավը տեղափոխի Երկրի մերձակա ուղեծիր:

SpaceX-ը նախկինում Starship-ի նախատիպի միայն փորձնական արձակումներ է կատարել մինչև 10 կիլոմետր բարձրության վրա՝ համակարգերը ստուգելու և վայրէջքը փորձարկելու համար: Մի քանի անհաջող փորձերից հետո մասնագետներին հաջողվել է հասնել նրան, որ տիեզերանավը վայրէջք կատարի առանց պայթյունի։

Մինչև 2025 թ․ SpaceX-ը պետք է իր համակարգի մի քանի փորձարկումներ կատարի Երկրի ուղեծրում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ