Շուտով մենք համակարգիչները մեր դեմքի վրա կկրենք՝ խելացի ակնոցով, վճարումներն ընդհանրապես կանհետանան. Քինգ

3 ապրիլի, 2024  23:38

Շուտով մենք արդեն համակարգիչները մեր դեմքի վրա կկրենք՝ խելացի ակնոցով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, Երևանում կայացած երկրորդ Doing Digital միջազգային ամենամյա ֆորումի ժամանակ նշեց ֆորումի գլխավոր խոսնակ, հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգը:

«Պատկերացրեք՝ մտնում ես նպարավաճառի մոտ, եւ քո ակնոցի դիսփլեյի վրա տվյալներ ես տեսնում: Դու կարող ես քո ակնոցին հարցնել՝ որտե՞ղ եմ բանալիս մոռացել, նա իսկույն կասի: Կամ դրսում ակնոցիդ ասում ես՝ սուրճ պատվիրիր Կոստայից: Մոտենում ես Կոստա սրճարան, արդեն սուրճդ պատրաստ է: Վճարումներն ընդհանրապես կանհետանան ԱԲ-ով հագեցած աշխարհում: Մինչեւ 2040 թվականը բոլորը կօգտվեն խելացի ակնոցից, ինչպես հիմա օգտվում են սմարթֆոնից:

Դու մտնում ես նպարեղենի խանութ, խելացի ակնոցն ասում է՝ կարծես դրամապանակում փողդ չի հերիքում, կուզե՞ս փող ավելացնենք: Մինչդեռ բանկերում մտածում են, որ դրա համար դեռ պետք է մտնես մասնաճյուղ ու վարկային քարտ ստանաս:

Կամ մտնում ես Տեսլայի խանութ, խելացի ակնոցն ասում է՝ քո ամսական վարկային բեռի պայմաններում Տեսլա գնելը քո հնարավորություններից դուրս է, գուցե ավելի լավ է` գնաս «Տոյոտայի» խանութ:

Կամ, եթե դու տուն ես փնտրում, որ գնես, քանի դեռ բանկին չես դիմել, բանկը չգիտի, որ դու տուն ես փնտրում, բայց գուգլն արդեն գիտի, որովհետեւ դու որոնում ես արել, Facebook-ը գիտի, որովհետեւ դու մտել ես հատուկ խումբ, որn անշարժ գույքով է զբաղվում: Եթե բանկը չունի այդ տվյալները, նա հիփոթեքային շուկայում հետ է մնացել, նա պարտվելու է եւ դուրս է մղվելու»,- ասաց Քինգը:

Նա անդրադարձավ նաեւ բանկային հաշիվներին՝ նշելով. «Խելացի աշխարհում բանկային հաշիվները կդադարեն միայն մարդու սեփականությունը լինել, դրանք ցանկացած բանական էակի կամ իրի սեփականությունը կարող են լինել: Դրամապանակները նոր բանկային հաշիվներ են, որոնք ամպային տիրույթում են: Եթե քո հաշիվը ամպային համարժեքում չէ, դու այլեւս բանկային գործում անելիք չունես: Դու պետք է ամպայինում լինես ԱԲ գործածելու եւ սմարթ վճարումների համակարգից օգտվելու համար:

Եթե ուզում եք 2050 թվականին խելացի աշխարհի մաս լինել, ապա պետք է թվային լինեք»,- ընդգծեց Բրեթ Քինգը:


 
 
 
 
  • Արխիվ