Microsoft-ը հաստատել է, որը Windows 11-ի թարմացումից հետո համակարգիչներն սկսել են  դանդաղ աշխատել․ ի՞նչ լուծում է առաջարկվում

14 նոյեմբերի, 2022  19:26

Ամերիկյան Microsoft կորպորացիան պաշտոնապես ընդունել է, որ Windows 11 օպերացիոն համակարգում 22H2 թարմացումից հետո համակարգիչների կատարողականի հետ խնդիրներ են առաջանում, հատկապես խաղերի ժամանակ։ Առաջարկվող լուծումները լիովին չեն լուծում խնդիրը, իսկ օգտատերերը, այս խնդրից բացի, նաև այլ դժգոհություններ ունեն։

Ընկերությունը խնդրի առկայության մասին խոստովանել է միայն այն բանից հետո, երբ բազմաթիվ օգտատերեր սկսել են զանգվածային կերպով բողոքել, որ 22H2 թարմացումից հետո իրենց համակարգիչներն սկսել են ավելի դանդաղ աշխատել, քան նախկինում։

Գրաֆիկական քարտերի արտադրող Nvidia ընկերությունը խնդիրը շտկելու համար հրատապ կարգով թողարկել է բետա դրայվեր: Այնուամենայնիվ, Microsoft-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ սեղանի անհատական համակարգիչների աշխատանքի դանդաղելու խնդիրը սարքավորումների շատ ավելի լայն շրջանակի վրա է ազդում և միայն դրայվերով խնդիր չի լուծվի, տեղեկացնում է Bleeping Computer-ը։

Ինչո՞ւ է համակարգիչը դանդաղում

«Որոշ խաղեր և հավելվածներ Windows 11-ի 22H2 տարբերակում կարող են ավելի դանդաղ աշխատել, քան ակնկալվում էր»,- ասվում է Microsoft-ի տարածած հայտարարությունում:

Նաև նշվում է, որ թարմացման սխալի պատճառով «խաղերն ու հավելվածները ինքնաբերաբար միացնում են GPU-ի աշխատանքի կարգաբերման գործառույթները, որոնք նախատեսված չեն համակարգիչների տերերի կողմից օգտագործելու համար», ինչն էլ հանգեցնում է նման խնդիրների:

Microsoft-ը լուծումներ էր առաջարկել

Ավելի վաղ ընկերությունն առաջարկել էր անջատել Windows 11 օպերացիոն համակարգի որոշ գործառույթներ՝ խաղերի ժամանակ համակարգիչների աշխատանքը բարելավելու համար։

Ընկերությունը նշել էր, որ ըստ իրենց մասնագետների կողմից իրականացված թեստերի՝ համակարգչի աշխատանքի վրա դրական է ազդում հիշողության ամբողջականության (Memory Integrity) և վիրտուալ մեքենայի պլատֆորմի (Virtual Machine Platform) գործառույթների անջատումը: Հետևաբար, Microsoft-ը խորհուրդ էր տվել խաղեր խաղալու ժամանակ անջատել այս գործառույթները, իսկ խաղն ավարտելուց հետո կրկին միացնել դրանք։

Սակայն այս տարբերակը իրականում խնդիրն ամբողջությամբ չի լուծում, ավելին, այն նաև անվտանգային ռիսկեր է պարունակում, որի մասին զգուշացրել է հենց Microsoft-ը՝ նշելով, որ երբ այս երկու գործառույթներն անջատված են լինում, համակարգիչը խոցելի է դառնում կիբեռհարձակումների համար։

Օգտատերերը նաև այլ բողոքներ ունեն

Օգտատերերը նաև դժգոհում են, որ Windows 11-ի վրա Microsoft-ն այժմ գովազդում է իր որոշ ծառայություններ։ Գովազդը երևում է, երբ օգտատերերը սեղմում են start menu-ն։ Օգտատերերից շատերը բողոքեն, որ յուրաքանչյուր թարմացումից հետո Windows 11-ը էլ ավելի վատն է դառնում։

Windows 11-ը Microsoft-ի Windows NT օպերացիոն համակարգի վերջին հիմնական տարբերակն է, որը թողարկվել է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին: Այն իր նախորդի՝ Windows 10-ի անվճար թարմացումն է, հասանելի ցանկացած Windows 10 սարքի համար, որը համապատասխանում է Windows 11 համակարգի պահանջներին:


 
 
 
 
  • Արխիվ